Sunday, September 11, 2011

Իսրայելյան ԶԼՄ-ներ. Թուրքիայի վերաբերյալ Լիբերմանի ծրագիրը կարող է խզել Ադրբեջանի հետ հարաբերությունները

PanARMENIAN.Net - 10 սեպտեմբերի 2011 - Հայերին և քրդերին աջակցելու ճանապարհով թուրքերից վրեժ լուծելու` Իսրայելի ԱԳ նախարար Ավիգդոր Լիբերմանի ծրագիրը, որը նախօրեին շարադրվել էր «Եդիոտ Ախրոնոտ» թերթում, լուրջ կասկածներ է հարուցում և անտրամաբանական է մի շարք պատճառներով: Ինչպես հաղորդում է Izrus կայքը, դժվար թե այդ ծրագիրն իսկապես գոյություն ունի այն տեսքով, որով ներկայացվել է հրատարակության կողմից:
Ինչպես պնդում է «Եդիոտ Ախրոնոտը», Իսրայելի ԱԳ նախարարը պատրաստ է միջազգային աջակցություն ցուցաբերել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: Սակայն նման քայլը, հրատարակության կարծիքով, ինքնաբերաբար կնշանակի Ադրբեջանի հետ հարաբերությունների խզում: «Ադրբեջանն Իսրայելի գրեթե միակ ռազմավարական գործընկերն է մահմեդական աշխարհում: Ավլին, հենց ԱԳ նախարար Ավիգդոր Լիբերմանը Ադրբեջանի հետ ռազմավարական դաշինքի ճարտարապետներից մեկն է: Այդ իսկ պատճառով նրա գլխավորած «Մեր տունն Իսրայելն է» կուսակցությունը ամեն կերպ արգելափակում էր Կնեսետում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևն անցկացնելու` ՄԵՐԵՑ-ի, «Քադիմայի» և «Լիկուդի» պատգամավորների ջանքերը»,- նշում է Izrus-ը:
Իսրայելի ԱԳՆ ղեկավար Ավիգդոր Լիբերմանը առաջադրել է պլան, որը ներառում է անհրաժեշտ միջոցներ` ուղղված «Թուրքիայի ագրեսիվ հռետորության» դեմ, հաղորդում է ZMAN-ը: Ծրագիրը կազմված է մի քանի փուլերից, որոնցից առաջինն իսրայելցիների համար նախազգուշացումների հրապարակումն է, ովքեր ցանկանում են մեկնել Թուրքիա: ԱԳՆ ծրագրի երկրորդ փուլը ներառում է համագործակցություն թուրքերի պատմական ախոյանների` հայերի և քրդերի հետ: Ըստ ունեցած տվյալների, Լիբերմանը պատրաստվում է ԱՄՆ կատարելիք այցի ժամանակ հանդիպել տեղի հայկական լոբբիի առաջնորդների հետ: Նախարարը պլանավորում է հանդիպումներ անցկացնել Եվրոպայում քրդական ընդհատակի ղեկավարության հետ` նրանց հետ բոլոր մակարդակներում կապերն ամրապնդելու նպատակով, մասնավորապես, ռազմական օգնության հարցերում:

No comments: