Thursday, September 15, 2011

Ի պատասխան Ադրբեջանի վերապահման` ՀՀ-ն արձանագրությունն ընդունում է կից առարկությամբ

7Or.am-2011-9-15- Խորհրդարանը քննարկել է 2001թ. մայիսի 31-ին Նյու-Յորքում ստորագրված «Միավորված ազգերի կազմակերպության` անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ» կոնվենցիան լրացնող «Հրազենի, դրա հիմնամասերի և բաղադրիչների, ինչպես նաև դրա համար նախատեսված ռազմամթերքի անօրինական արտադրության և շրջանառության դեմ» արձանագրությունը (կից առարկությամբ):
Այս արձանագրությունը նպատակ է հետապնդում կանխել և վերացնել հրազենի, դրա մասերի, բաղադրիչների, ռազմամթերքի անօրինական արտադրությունը և շրջանառությունը: 100-ից ավելի երկրներ այդ արձանագրությանը միացել են, այդ թվում և Ադրբեջանը: Սակայն վերջինն արձանագրությունն ընդունել է վերապահումով, ինչին ի պատասխան Հայաստանն էլ այն ընդունում է կից առարկությամբ: Այդ առարկությունում մասնավորապես ասվում է.
«Ադրբեջանի Հանրապետությունը միտումնավոր խեղաթյուրում է ԼՂ-ի հիմնախնդրի էությունը` հակամարտության պատճառների և հետևանքների առումով: Հակամարտությունը ծագել է Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամքի ճնշմանն ուղղված էթնիկ զտման քաղաքականության հետևանքով, որին հաջորդել է լայնածավալ ռազմական ագրեսիան` ընդդեմ ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության: Դրա հետևանքով Ադրբեջանի Հանրապետությունը կորցրել է ԼՂ-ի որոշ տարածքներ»:

No comments: