Thursday, September 15, 2011

Փորձագետ.«Աշխարհում շատ դժվար է պայքարել անօդաչու սարքերի դեմ»

Aysor.am-2011-9-15- Աշխարհում շատ դժվար է պայքարել անօդաչու սարքերի դեմ, հատկապես այն սարքերի, որոնք թռչում են 5.000 մետր և ավելի բարձրությամբ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ԼՂՀ ՊԲ-ի կողմից ադրբեջանական անօդաչու ինքնաթիռի ոչնչացմանը` ասաց ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ այդ անօդաչու սարքը շատ հզոր, բացառիկ սարք է, իսրայելական արտադրության և նմանատիպ սարք էր ոչնչացվել նաև ռուսական կործանիչների կողմից 2008թ.-ին Աբխազիայում:
«Բացառված չէ, որ մենք այդ սարքը խոցելով` համաշխարհային պատմության ռազմական գործողությունների մեջ նոր հիմք ենք դնում նման միջոցների դեմ պայքարելու գործում»,-ընդգծեց Ա. Հովհաննիսյանը:
Նրա խոսքերով, այդ անօդաչու սարքի ոչնչացումը շոկ էր ադրբեջանցիների համար և նշվել է, որ այն սարքը, ինչով որ խոցվել է ադրբեջանական անօդաչուն` հայրենական արտադրության է, սա էլ բացառիկ է, քանի որ մենք մեր գիտական պոտենցյալը սկսում ենք օգտագործել ի օգուտ մեզ և չի բացառվում, որ մոտ ապագայում մենք բան կունենանք տալու ԱՊՀ-ի մեր գործընկերներին:
Ա. Հովհաննիսյանն ասաց, որ անօդաչու սարքերը հիմնականում կատարում են հետախուզություն և անմիջապես չեն սպառնում մեզ, սակայն այն պահում է զինվորականներին լարվածության մեջ, փորձ է կատարում նաև ռազմական գործողոթյունների ժամանակ իմանալ թույլ և ուժեղ կողմերը:
Նա նշեց, որ ԼՂՀ պետական սահմանը խրամատ է և դրանով իսկ արդեն գաղտնիք է նրա ուրվագիծը, որոշակի տեղադրությունները, այդ ամբողջ սահմանը ռազմական շփման գիծ է:
Ա. Հովհաննիսյանն ընդգծեց, որ անօդաչու թռչող սարքերը շատ ավելի թանկ են, քան դրանք խոցող սարքերը, դրանով էլ վերջին այդ դեպքը բացառիկ է:
Նա պարզաբանեց, որ այս միջադեպը համարվում է պետական սահմանի, օդային սահմանի խախտում, նույնիսկ այն կարելի է բնորոշել նաև ռազմական ներխուժում:
Ա. Հովհաննիսյանը հավելեց, որ անօդաչու թռչող սարքերի մոդելներն ունեն տարբեր գնային արժեք` 2 միլիոն դոլարից մինչև 18 միլիոն դոլար, նշելով, որ այդ սարքը 2011թ.-ի մարտի արտադրության սարք է, այսինքն այն ավելի թանկ պետք է արժենա:

No comments: