Thursday, September 22, 2011

Հայաստանը միակ հետխորհրդային երկիրն է, որի դիրքորոշումը Պաղեստինի ճանաչման հարցում վերջին պահին մնում է անորոշ

Tert.am. 22-9-2011- «Նախկին խորհրդային երկրները Պաղեստինի պետության ճանաչման վերաբերյալ դիրքորոշում են արտահայտում և ձևավորում՝ աշխարհաքաղաքականության նկատառումներից ելնելով։ Ոմանք առավել շատ արաբների և թուրքերի հետ հարաբերություններն են հաշվի առնում, մյուսները՝ ԱՄՆ–ի և ԵՄ–ի։ Որոշ երկրներ էլ, այդ նույն պատճառով, չեն կարողանում կողմնորոշվել»,– գրում է izrus.co.il կայքը և հավելում, որ ՄԱԿ–ի ԱԽ–ում Պաղեստինի պետության ճանաչման հարցի քննարկումից և Գլխավոր Ասամբլեայում քվեարկությունից ուղիղ մեկ օր առաջ Պաղեստինի հարցի վերաբերյալ իր դիրքորոշումն արտահայտեց միանգամից 4 հետխորհրդային երկիր՝ Ղազախստանը, Վրաստանը, Էստոնիան, Լատվիան։ «Մյուսները, ինչպես օրինակ, Ռուսաստանը և Ադրբեջանը, դա առավել վաղ էին արել, իսկ ոմանք էլ՝ մինչև սեպտեմբերի 22–ը որևէ կերպ չարտահայտեցին իրենց դիրքորոշումը»։
«Այդ առնչությամբ հետխորհրդային բոլոր երկրները, պայմանականորեն, 4 խմբի կարելի է բաժանել. առաջին խմբին են պատկանում այն երկրները, որոնք միանշանակ պաշտպանում են պաղեստինցիներին և հրապարակավ հայտարարել են այդ մասին (Ռուսաստանը, Ադրբեջանը)։ Երկրորդ խումբը կազմված է հետխորհրդային 4 մուսուլմանական երկրներից, որոնք ճիշտ է հրապարակավ չեն պաշտպանել պաղեստինցիներին, բայց, հավանաբար, կքվեարկեն նրանց օգտին (Ուզբեկստան, Թուրքմենստան, Ղրղըզստան, Տաջիկստան)։ Երկրորդ խմբին են պատկանում այն երկրները, որոնք արդեն հստակ հասկացրել են, որ չեն պաշտպանում պաղեստինցիների միակողմանի գործողությունները (Ուկրաինա, Վրաստան, էստոնիա, Լատվիա)։ Եվ վերջապես 4–րդ խմբում այն երկրներ են, որոնք դեռևս որևէ կերպ այդ հարցի առնչությամբ չեն դրսևորել իրենց (Բելառուս, Մոլդովա, Հայաստան)։

4–րդ խմբի առնչությամբ հոդվածագիրը գրում է. «Մինչև սեպտեմբերի 22–ը Հայաստանը, Բելառուսը, Մոլդովան որևէ կերպ չպարզաբանեցին իրենց դիրքորոշումը Պաղեստինի պետության ճանաչման վերաբերյալ։ Բայց Իսրայելի ԱԳՆ–ի աղբյուրները կարծում են, որ Մինսկը և Քիշնևը, որոնք կողմնորոշված են դեպի ԵՄ–ն, միանշանակ չեն պաշտանի պաղեստինցիներին։ Այլ հարց է Երևանը. Հայաստանը Իսրայելի հետ սերտ հարաբերություններ չունի, բայց համարվում է Կովկասում Իրանի ռազմավարական գործընկերը։ Ընդ որում՝ այն նաև լավ հարաբերություններ ունի Լիբանանի և Սիրիայի հետ, և ինչպես իր հակառակորդ Ադրբեջանը, փորձում է կանխապես արաբների աջակցությունը ստանալ ղարաբաղյան հարցում։ Միևնույն ժամանակ՝ մերձավորարևելյան խնդիրների առնչությամբ Երևանը որոշ դեպքերում լսում է Վաշինգտոնի ցանկությունները»,– գրում է հոդվածագիրը և հավելում, որ մինչև այսօր դա դրսևորվել է ոչ միայն իրաքյան գործողություններին մասնակցությամբ, այլև ՄԱԿ–ում հակաիսրայելական բանաձևերի առնչությամբ քվեարկությամբ։ «Բայց որպեսզի առանձնապես չզայրացնեն արաբներին, հայերը փորձել են դա անել շատ «հավասարակշռված՝ մեկ կողմ քվեարկելով, մեկ դեմ»,- ընդգծում է հոդվածագիրը։

No comments: