«Լրագիր» 24-9-2011- Դեռեւս ոչ մի միջազգային վարկանիշային գործակալություն չի հայտարարել, որ Հայաստանը հաղթահարում է օլիգարխիկ համակարգը եւ տնտեսության մենաշնորհացումը: Գործակալությունների դրական գնահատականներն ավելի շատ կապված են օրենսդրական բարեփոխումների հետ, որոնք կրճատել են բյուրոկրատական քաշքշուկները բիզնեսի գրանցման ժամանակ: Այդ գնահատականները կապված են նաեւ համաշխարհային ֆինանսական համակարգից հայկական բանկերի մեկուսացվածության հետ:Այդ գնահատականները վարչապետ Տիգրան Սարգսյանը սկսել է որպես դրոշակ օգտագործել ընդդիմախոսների դեմ: Այժմ նրանք, ովքեր կցանկանան արտահայտվել Հայաստանի տնտեսության խնդիրների հետ, հղում են անելու միջազգային գործակալությունների կարծիքին, առանց նշելու, թե ինչ չափանիշներով են տրվել այդ գնահատականները:
Մի կողմ թողնելով Հայաստանի վարկանիշը միջազգային գործակալությունների կողմից բարելավելու քաղաքական դրդապատճառները, փորձենք դիտարկել տնտեսական տվյալները, որոնք մակերեսին են:
Միջազգային փորձագետները խոսում են բիզնեսի գրանցման պարզեցման ու ազատության աստիճանի բարձրացման մասին: Սակայն Հայաստանում յուրաքանչյուր ոք կասի ձեզ, որ բիզնեսի խնդիրները կապված են ոչ այնքան գրանցման դժվարության (չնայած, դա էլ մեծ խոչընդոտ է), որքան այն բանի հետ, որ շուկաները բաժանված են մենաշնորհատեր-օլիգարխների միջեւ, իսկ սովորական մահկանացուի, ով նույնիսկ 3 անգամ է գրանցվել, մուտքն այնտեղ արգելված է: Կեղտոտ մրցակցության մեթոդների ողջ համալիր է օգտագործվում` խոշոր բինզեսի համար օրենսդրական արտոնությունների լոբբինգից մինչեւ ջրի անջատում եւ պարզապես վախեցում: ՀՅԴ պատգամավոր, ֆինանսավարկային ու բյուջետային հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Արծվիկ Մինասյանն, օրինակ, կարծում է, որ դժվարություններ են ծագում շուկայի որոշ մասնակիցների համար չհիմնավորված արտոնություններ տալու պատճառով:
Արդյոք այդ առումով փոխվել է Հայաստանի տնտեսության ազատությունը: Թող վարչապետը թեկուզ մեկ ոլորտ նշի, որն ապամենաշնորհվել է եւ ազատ է տնտեսական ակտիվության համար: Թող մի օլիգարխի նշի, ով զրկվել է մաքսային կամ հարկային արտոնություններից:
Քանի՞ նոր ձեռնարկություն է բացվել այդ փոփոխությունների շնորհիվ: Արդյոք շատացել են ներդրումները տնտեսական գործունեության հետ կապված ազատության մեծացման հետ: Վիճակագրական ծառայությունը նշում է, որ Հայաստանում ներդրումները դեռեւս զրոյից քիչ ավել մակարդակի վրա են:
Վարչապետն ասում է, որ կառավարության քաղաքականությունն արդարացրել է իրեն` երկիրը դուրս է եկել ճգնաժամից եւ մտնում է տնտեսական ակտիվության փուլ: Սակայն, նախագահը, ամենայն հավանականությամբ, այլ դիրքորոշում ունի:
Անցյալ շաբաթ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի տնտեսական գործունեության արդյունավետությունը բարձրացնելու եւ օրենսդրական ակտերը կատարելագործելու համար ստեղծվում է միջոցառումները պետականորեն համակարգող խորհուրդ: Խորհուրդը միջացառումներ է մշակում, որպեսզի հաղթահարվեն խոչընդոտները գործարար միջավայրն ու շուկայական տնտեսությունը զարգացնելու, պետական ծառայությունները պարզեցնելու, նորմատիվ դաշտը կատարելագործելու համար:
Ըստ ամենայնի, աշնանը որոշակի պոպուլիստական միջացառումներ են ձեռնարկվելու: Արդեն խոսվում է այն մասին, որ հնարավոր է ներդրվի եկամտի հարկման տարբերակված դրույքաչափերը: Այդ մասին հայտարարել է տնտեսական հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:
Եվ, միեւնույն է, հետաքրքիր է, թե ինչու միջազգային վարկանիշային կազմակերպություններին հանկարծ պետք եղավ բարձրացնել Հայաստանի վարկանիշը. որպեսզի ոգեւորե՞ն ներդրողներին, թե՞ աջակցեն Հայաստանի կառավարությանն ընտրությունների նախօրեին: Լեւոն Տեր-Պետրոսյանը գտնում է, որ Արեւմուտքն աջակցում է Սերժ Սարգսյանի թիմին եւ հանուն դրա 2008 թ աչք է փակել ընտրությունների կեղծման վրա: Այժմ պետք է ոչ թե ընտրությունների, այլ տնտեսական ցուցանիշների կեղծում: Քաղաքական նպատակներից ելնելով, չի բացառվում նույնիսկ, որ դուրս կգրվի արտաքին պարտքը:
Ֆիթչ անկախ վարկանիշային ընկերության տնօրեն, Հայաստանի գծով փորձագետ Չարլզ Սեւիլը news.am-ին ասել է. «2012-2013 թթ պարտքային վճարները կաճեն, ընդ որում դրանց մեծամասնությունը ԱՄՀ-ին ու այլ միջազգային ֆինանսական կազմակերպությունների է բաժին ընկնում: Իր հերթին, ԱՄՀ պարտքը կարող է վերակառուցվել»:
Այդպիսով, քաղաքական խնդիրները կլուծվեն, սակայն դա նշանակում է, որ Հայաստանի քաղաքացիները նախկինի պես ապրելու են օլիգարխիայի պայմաններում եւ հույս դնելու, ինչպես Տիգրան Սարգսյանը, արտագաղթի ու աճող տրանսֆերտների վրա:
2011թ 8 ամիսների ընթացքում բանկային համակարգով ֆիզիկական անձինք ոչ առեւտրային նպատակներով Հայաստան են փոխանցել 772 մլն դոլար: Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, տրանսֆերնտերն աճել են մոտ 25 տոկոսով: Վիճակագրությունը հաստատում է նաեւ, որ 8 ամիսների ընթացքում Հայաստանից հեռացել է այնքան մարդ, որքան ողջ 2010 թ ընթացքում:
Նաիրա Հայրումյան

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment