News.am. 25-9-2011- Հայաստանը չունի անհրաժեշտ լծակներ` պաղեստինյան դեմարշն հօգուտ իրեն ծառայեցնելու համար: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը` պատասխանելով հարցին, թե հնարավոր է արդյոք, որ ՄԱԿ-ում Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասի` Պաղեստինի պետության անկախությունը ճանաչելու պահանջն առիթ դառնա Հայաստանի համար իր ձայնը «փոխանակել» Իսրայելի Կնեսետի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումով:Նրա խոսքով` պետք էլ չէ երազել, որ Իսրայելը կճանաչի ցեղասպանությունը:«Այսօր Իսրայելում հասկանում են, որ Թուրքիան, զգալով պահը, ձգտում է վերականգնել իր ազդեցությունը արաբական աշխարհում: Դրա համար նրան պետք է ձեւականորեն փչացնել իր հարաբերությունները Իսրայելի հետ, ինչը նա հաջողությամբ իրականացնում է: Եթե այդ համապատկերում Իսրայելը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ապա իր եւ Թուրքիայի միջեւ սեպ կխրի, որն իսկապես լուրջ եւ երկարատեւ հետեւանքներ կունենա: Իսրայելում հույս ունեն, որ թուրքական շոուն ցուցադրական բնույթ ունի, եւ չեն ուզում յուղ լցնել կրակի վրա»,-նշեց նա:Ինչ վերաբերում է դեմարշին, ապա Բոզոյանն ընդգծեց, որ այն ողջ արաբական աշխարհում անհանգստացնող զարգացումների հետեւանքն է:
«Սակայն բոլորին հայտնի է այդ հարցում ԱՄՆ դիրքորոշումը: ԱՄՆ-ը կարծում է, որ Պաղեստինյան պետության ձեւավորումը հնարավոր է բացառապես Պաղեստինի եւ Իսրայելի միջեւ բանակցությունների շրջանակում: Տվյալ պահին Պաղեստինը փորձում է բաց չթողնել իր «խաղագումարը պոկելու» շանսը: Այդ լույսի ներքո ԱՄՆ նախագահի հայտարարությունը, թե ՄԱԿ ԱԽ-ի կողմից Պաղեստինի անկախության ճանաչման հնարավոր որոշման վրա ԱՄՆ-ն վետո կդնի, նորություն չէ»,-եզրափակեց փորձագետը:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, Պաղեստինյան ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասը սեպտեմբերի 23-ին ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունին էր փոխանցել Պաղեստինի անկախությունը ճանաչելու եւ նրան ՄԱԿ-ի լիակատար անդամ համարելու մասին պաշտոնական առաջարկը: Նա նաեւ կոչ էր արել ՄԱԿ անդամ երկրներին ճանչել Պաղեստինի անկախությունը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment