Saturday, September 10, 2011

ԼՂՀ նախկին ԱԳ նախարար. Հայ-թուրքական գործընթացը նախաձեռնվել է առանց հետեւանքները հստակ հաշվարկելու

News.am. 9-9-2011- Հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանի օրակարգից հանելով՝ Թուրքիան պարզաբանումներ տալու անհրաժեշտություն չի տեսնում, քանի որ առանց այդ էլ շահեկան դիրքերում է։ Սեպտեմբերի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը։
«Իրավական ուժ չունեցող փաստաթղթում Հայաստանը ճանաչեց մի շարք խնդիրներ, որոնք չպետք է ճանաչեր։ Այս տեսանկյունից շատ կարեւոր է ասված խոսքը. անգամ չստորագրված փաստաթուղթը, անգամ բանավոր խոսքը իր մեջ իրավական հետեւանքներ է պարունակում։ Սրանք արձանագրություններ էին, իսկ Հայաստանը դրանց տեքստերում լուրջ զիջումներ է արել։ Այս տեսանկյունից Թուրքիան իր ստանալիքն ստացել է արդեն։ Այս փուլում նա իր համար անհրաժեշտ արդյունքն ունի»,- նկատեց Արման Մելիքյանը։
Հարցին, թե ինչո՞ւ են ստեղծված իրավիճակում լռում միջնորդները, նախկին պաշտոնյան նկատեց. «Միջնորդների խնդիրն էր ապահովել արձանագրությունների ստորագրումը եւ եթե կողմերը որոշեին դրանք կյանքի կոչել, աջակցել այդ գործընթացին։ Մնացյալը կողմերի խնդիրն է։ Այս համատեսքստում մենք միջնորդներին կշտամբելու առիթ չունենք։ Մենք պետք է լավ հաշվարկեինք մեր քայլերը, նոր մտնեինք խաղի մեջ, բայց իրականությունն այն է, որ հայ-թուրքական գործընթացը նախաձեռնվել է առանց հետեւանքները հստակ հաշվարկելու։ Սկզբունքը այս է եղել. մտնենք խաղի մեջ, խաղի ընթացքը ցույց կտա՝ լավ խաղ է, թե` վատ»:
Նշենք, որ հայ-թուրքական արձանագրությունները Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն ստորագրել էին 2009 թվականի հոկտեմբերին՝ Ցյուրիխում։ 2010 թվականի ապրիլին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Հայաստանը դադարեցնում է արձանագրությունների վավերացումը, քանի որ թուրքական կողմը փորձում է նախապայմաններ առաջ քաշել։
Հիշեցնենք, որ օգոստոսին Թուրքիայի Ազգային մեծ ժողովն իր հերթական նստաշրջանի օրակարգից հանել է 2009 թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հարցը: Ըստ Ազգային մեծ ժողովի կանոնակարգ-օրենքի` բոլոր այն օրինագծերը, որոնք չեն հաստատվում եւ կյանքի չեն կոչվում նախորդ գումարման խորհրդարանի կողմից, նոր գումարման խորհրդարանում անվավեր են ճանաչվում:

No comments: