Saturday, September 10, 2011

Վան մեկնող հայաստանցի ուխտավորները Կարսում իրարանցում են առաջացրել

News.am. 10-9-2011- Վանի Աղթամար կղզու Ս. Խաչ եկեղեցում իրականացվելիք պատարագին մասնակցելու համար Կարս ժամանած հայերը մեծ աշխուժություն են հաղորդել Կարսի առեւտրասպասարկման ոլորտին: Այս մասին Ինչպես տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը Կարսից:
Աշխարհագրական դիրքի բերումով, Հայաստանից Վան մեկնողները անցնում են Կարսի միջով: Կարսում առկա պատմամշակույթային հուշարձանները նպաստում են, որ հայ զբոսաշրջիկները շատ ժամանակ եւ գումար ծախսեն Կարսի նահանգում: Կարսի տարադրամի փոխանակման կետերից մեկի աշխատակիցը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, թե այս տարի Վանում տեղի ունենալիք պատարագի կապակցությամբ մեծ թվով հայաստանցիներ են Կարսում եղել: Նա շեշտեց, թե իրենց փոխանակման կետում ամեն մի հայաստանցի միջինը է 150 դոլար է մանրել:
Կարսեցիները նշում էին, թե իրենց հանգիստ քաղաքի համար այս օրերին հաճելի իրարանցում է տեղի ունենում: «Երեկ մեծ թվով ստամբուլահայեր էին եկել Կարս, ովքեր եւս պետք է Վան գնային՝ մասնակցելու Սուրբ Խաչի պատարագին: իսկ այսօր ես բազմաթիվ հայկական միկրոավտոբուսներ եմ տեսնում Կարսում: Կցանկանայի, որ Հայաստանի հետ սահմանը բացվեր եւ նման աշխույժությունը մշտական լիներ»,-նշեց Կարսի տուրիզմի պատասխանատուներից մեկը՝ պնդելով, որ այս օրերն Կարսում բոլոր հյուրանոցները զբաղված են:
Նշենք, որ Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում սեպտեմբերի 11 –ին տեղի կունենա պատարագ՝ նվիրված Սուրբ Խաչ եկեղեցական տոնին: Պատարագը մատուցելու է Պոլսո Հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ, արք. Արամ Աթեշյանը:

No comments: