Saturday, September 10, 2011

Բաքվին չի հաջողվել ԱՄՆ դեսպանից բացասական արձագանք կորզել Ուրուգվայի աննախադեպ հայտարարության վերաբերյալ

Tert.am. 10-9-2011- Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը մեկնաբանել է Ուրուգվայի՝ Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու ցանկության մասին հայտարարությունը։
«Ամերիկայի Միացյալ Նահանգները գտնում է, որ Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքները (ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման) հիմք են ապահովում ղարաբաղյան հակամարտության խաղաղ և արդար կարգավորման համար»,– 1news.az–ին ասել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան մամուլի քարտուղար Կիտ Բինը։
«ԱՄՆ–ը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, նախկինի պես պատրաստ է այդ սկզբունքների հիման վրա աջակցել կողմերին խաղաղության հասնելու և արդարացի կարգավորման հարցում»,– ասել է ԱՄՆ դեսպանատան մամուլի քարտուղարը։
Միևնույն ժամանակ, Կիտ Բինը հրաժարվել է մեկնաբանել Ուրուգվայի արտգործնախարարի ասած խոսքերը՝ ընդգծելով, որ դրանք Ադրբեջանի և Ուրուգվայի միջև երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր են։
«ԱՄՆ–ը չի մեկնաբանում ուրիշ պետությունները երկկողմ հարաբերությունները»,– ասել է ԱՄՆ դեսպանատան մամուլի քարտուղարը։
Հիշեցնենք, որ երեկ Ուրուգվայի արտգործնախարար Լուիս Ալմագրոն աննախադեպ հայտարարություն էր արել ղարաբաղյան հիմնախնդրի առնչությամբ։
«Այսօր մենք ուսումնասիրում են հարցը` պետականորեն տեսակետ հայտնելու համար, սակայն ես անձամբ համոզված եմ, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի պատմական մաս է կազմում և պետք է լինի անկախ կամ կարճ ժամանակում կցվի Հայաստանին: Սա է Արցախյան խնդրի միակ լուծումը»,- ասել էր Ալմագրոն։

No comments: