Tuesday, September 20, 2011

Գերմանիայի դեսպան. ԼՂ հարցում փոխադարձ զիջումների պատրաստակամությունը կհանգեցնի՞ քաղաքական հետեւանքների

News.am. 20-9-2011- Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում հարցերից մեկը այն է, թե արդյոք ղարաբաղյան հարցում փոխադարձ զիջումների պատրաստակամությունը կհանգեցնի քաղաքական հետեւանքների: Նման կարծիք է հայտնել սեպտեմբերի 20-ին կայացած ասուլիսում Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս-Յոհան Շմիդտը: «Ինչպես երեւում է, 1997 թվին Լեւոն Տեր-Պետրոսյանը պատրաստ էր խնդրի կարգավորմանը` փոխարդարձ զիջումների հիման վրա, որն, ամենայն հավանականությամբ, նրա համար որոշակի քաղաքական հետեւանքներ ունեցավ»,-հայտարարել է Հ.-Յ. Շմիդտը:
«Եթե կողմերից մեկը պատրաստ է փոխադարձ զիջումների, ապա կարեւոր է, որ երկրի ղեկավարության դիրքորոշումն աջակցություն ստանա հասարակության կողմից»,-հայտարարել է դեսպանը:
«Վերջին շրջանում Հայաստանում եւ Ադրբեջանում հետաքրքրությամբ էին հետեւում մեր արձագանքին` Կոսովոյի կամ Ռուսաստանի կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախության ճանաչման հարցի նկատմամբ: Կոսովոյի պարագայում նոր պետության ճանաչումը տեղի ունեցավ ազգերի ինքնորոշման սկզբունքի հիման վրա: Ռուսաստանն այդ սկզբունքը կիրառելի է համարում Աբխազիայի եւ Հարավային Օսիայի պարագայում: Սակայն մենք կարծում ենք, որ Կոսովոյի դեպքը էական տարբերություններ ունի»,-հայտարարել է Հ.-Յ. Շմիդտը:
«Լեռնայի Ղարաբաղի հարցում երկիմաստությունը բացառելու համար նշեմ, որ Գերմանիան աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին: Ինչ վերաբերվում է միջազգային իրավունքի սկզբունքներին, ապա դրանք պետք է դիտարկել բացառապես միեւնույն հարթությունից»,-հայտարարել է դեսպանն ու հավելել. «Սկզբունքներից մեկի գերակայությունը մյուսի նկատմամբ հարցականի տակ կդնի Մինսկի խմբի չեզոքությունը, որը հանդես է գալիս որպես միջնորդ»:
«Վերջին տասնամյակում ինքնորոշման հարցն իրականացվել է բավական շատ դեպքերում` սկսած աֆրիկյան պետությունների ընդգրկած տարածքներից, մինչեւ Կոսովո եւ Հարավային Սուդան: Բայց այդ գործընթացներին գնահատական տալը փորձագետների խնդիրն է: Բանակցային գործընթացում հավասարության պահպանումից է կախված Մինսկի խմբի չեզոք դիրքորոշման հանդեպ վստահության հարցը»,-նշել է Գերմանիայի դեսպանը:

No comments: