Tuesday, September 20, 2011

ԱՄՆ և Իրանի պաշտպանական գերատեսչությունները ուղիղ կապ կունենան

Tert.am. 20-9-2011- ԱՄՆ–ի իշխանությունները քննարկում են Պենտագոնի և Իրանի պաշտպանության նախարարության միջև կապի արտակարգ ալիքի ստեղծման հնարավորությունը՝ Պարսից ծոցում հակամարտություններից խուսափելու համար կապ ունենալու նպատակով։
«Այդ գաղափարն արդեն որոշ ժամանակ շրջանառվում է տարբեր կառույցներում։ Սակայն դեռ միայն գաղափարի մասին է խոսքը։ Նախարարի մակարդակի, այդ առաջարկությունը չի բարձրացվել», – լրագրողներին հայտնել է ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի անանուն աղբյուրը։
Կապի նման գծի հնարավորության մասին երեկ առաջինը հաղորդել էր «Wall Street Journal»–ը, որի տեղեկություններով նախատեսվում է կապի ուղիղ գիծ բացել Իրանի ռազմածովային ուժերի հրամանատարության և Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում տեղակայված ամերիկյան 5–րդ նավատորմի շտաբի միջև։ WSJ-ի տեղեկություններով, ամերիկացի զինվորականներին հատկապես մտահոգում են իրանական արագընթաց նավակներն ու օդուժը, որի օդանավերը հետախուզական թռիչքներ են իրականացնում Պարսից ծոցի վրա։
Ավելի վաղ ուղիղ գծի բացակայությունից բողոքել էր ԱՄՆ զորքերի շտաբերի պետերի միացյալ կոմիտեի պետ, ծովակալ Մայքլ Մալենը, ում կարծիքով երկու երկրների զինվորականների՝ իրար չհասկանալու պատճառով, տեղի ունեցող միջադեպերը կարող են վերաճել հակամարտության։

No comments: