Wednesday, September 21, 2011

Էլդար Մահմուդով. «Ալիևի նոր թիմն անընդհատ փող է պահանջում ինձնից»

Panorama.am. 20-9-2011- Ադրբեջանի հետ կապված վերջին փաստաթղթերում «Wikileaks»-ը հայտնել է ներիշխանական խմբավորումների միջև ընթացող պայքարի մասին:
«Ազադլիգ» պարբերականը գրում է, որ այդ մասին 2006 թ-ի նոյեմբերի 11-ին Վաշինգտոն հղած հեռագրում հայտնել է Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Էնն Դերսին՝ Ադրբեջանի մաքսային ծառայության պետ Այդըն Ալիևի հետ հանդիպումից հետո: Ըստ «Wikileaks»-ի՝ Ա.Ալիևը ԱՄՆ դեսպանի հետ զրույցում ասել է, որ իշխանության մեջ «նորերի» և «հների» միջև սուր պայքար և բախումներ են ընթանում:
«Փաշաևների կլանի և արտակարգ իրավիճակների նախարարի խմբավորման միջև գույքի վերաբաշխման պատերազմ է ընթանում»,- ասել է նա:
Էնն Դերսիի հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի մաքսային ծառայության պետն իրեն արտակարգ իրավիճակների նախարար Քեմալադդին Հեյդարովի մերձավորն է անվանել և ասել, որ ինքը ազգային անվտանգության նախարար Էլդար Մահմուդովից ավելի լավ է աշխատում: Նա բողոքել է, որ «Ալիևի նոր թիմն» անընդհատ փող է պահանջում իրենից:
«Հետաքրքիր է, նման բացահայտումները կլարե՞ն ներիշխանական խմբավորումների միջև հարաբերությունները, թե՞ ոչ: Իլհամ Ալիևն իրենից և իշխանության դեմ խոսողներից հաշիվ պահանջելո՞ւ է, թե՞ոչ»,- հարցնում է թերթը:

Քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն գտնում է, որ նման տեղեկությունները չեն կարող որևէ բախում առաջացնել իշխանական թիմում: «Վերևները բավարար չափով միավորվել են և լավ են ճանաչում միմյանց: Հնարավոր է` որոշ խոսք ու զրույցներ լինեն: Սակայն նրանց բիզնես ոլորտները, պետական եկամուտների յուրացումը հստակեցված է միմյանց միջև, և յուրաքանչյուրը զբաղված է իր բնագավառում փող աշխատելով: Մեկը մյուսի տարածքը չի մտնում: Այդ պատճառով էլ նրանք նման բաներին ուշադրություն չեն դարձնում և զբաղվում են իրենց գործով՝ փող աշխատելով»,- ասում է քաղաքագետը:

No comments: