Wednesday, September 21, 2011

Սերժ Սարգսյանին շնորհավորել են Սարկոզին, Ահմադինեժադը, Քոչարյանը

Tert.am. 20-9-2011- Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ շարունակում է ստանալ շնորհավորանքներ:
Հանրապետության ղեկավարին ուղղված Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի շնորհավորական ուղերձում ասված է.
«Մեծարգո՛ Նախագահ,
Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձի առիթով ցանկանում եմ անձամբ իմ և Ֆրանսիայի անունից լավագույն շնորհավորանքներս հղել Ձեզ և բոլոր հայերին:
1991-ի սեպտեմբերի 21-ին Հայաստանը վերահաստատեց կապը պատմության հետ և վերստին ստանձնեց իր ճակատագիրը տնօրինումը: Հայաստանը կարող է հպարտ լինել այն ամենով, ինչ իրականացրել է վերջին քսան տարիների ընթացքում՝ շատ հաճախ դժվար պայմաններում:
Հայաստանը ժողովրդավարություն է կերտել, անցել շուկայական տնտեսության և իր տեղը գտել միջազգային թատերաբեմում: Նա դա իրագործել է նաև շնորհիվ իր ժողովրդի խիզախության և աշխատասիրության, որին արժանին եմ մատուցում:
Այս տարիների ընթացքում, պատմական հինավուրց և ամուր կապերով միավորված Ֆրանսիան և Հայաստանը զարգացրել և անընդմեջ խորացրել են բեղմնավոր համագործակցություն բոլոր ասպարեզներում:
Վստահ եղեք, որ Ֆրանսիան Հայաստանի, իր բարեկամի կողքին է՝ օգնելու նրան դիմակայելու մարտահրավերներին: Ես առիթ կունենամ Ձեզ նորից շնորհավորելու և բարձրաձայն արտահայտելու Ֆրանսիայի բարեկամությունը Փարիզ կատարելիք Ձեր պաշտոնական մոտակա այցի, այնուհետև Հայաստան իմ պետական այցի ժամանակ, որի պատիվը և հաճույքը կունենամ առաջիկայում»:
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադի շնորհավորական ուղերձում ասված է.
«Ցանկանում եմ Հայաստանի Հանրապետության անկախության քսաներորդ տարեդարձի կապակցությամբ ջերմագին շնորհավորանքներս հղել Ձերդ Գերազանցությանը և բարեկամ Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին:
Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության պատմամշակութային առնչությունները ստեղծել են լայն հնարավորություններ՝ երկկողմ համագործակցության ամրապնդման համար:
Համոզված եմ, որ Թեհրանում և Երևանում կնքված համաձայնություններին հետամուտ լինելով կստեղծվեն պայմաններ՝ երկկողմ, տարածաշրջանային և միջազգային ասպարեզներում երկու երկրների փոխհարաբերություններն առավել ընդլայնելու համար:
Աստծուց հայցում եմ Ձերդ Գերազանցությանը քաջառողջություն և հաջողություններ, իսկ բարեկամ Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին՝ բարօրություն և երջանկություն»:
Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորել են նաև Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Քրիստիան Վուլֆը, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդը, Ավստրիայի Հանրապետության դաշնային նախագահ Հայնց Ֆիշերը, Շվեդիայի թագավոր Կարլ Տասնվեցերորդ Գուստավը, Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Միշելին Կալմի-Ռեյը, Չեխիայի Հանրապետության նախագահ Վացլավ Կլաուսը, Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Սուլեյմանը, Բուլղարիայի Հանրապետության նախագահ Գեորգի Պրվանովը, Իռալնդիայի նախագահ Մերի Մըքէլիսը, Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ղրղըզստանի Հանրապետության նախագահ Ռոզա Օթունբաևան, Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը, Սինգապուրի Հանրապետության նախագահ Թոնի Թանը, Ավստրալիայի Միության գեներալ-նահանգապետ տիկին Քվենթին Բրայսը, Կանադայի գեներալ-նահանգապետ Դեյվիդ Ջոնսթոնը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ, տեղական և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, ՀՀ պաշտոնատար անձինք և հոգևոր այրեր:

No comments: