Wednesday, September 21, 2011

Ադրբեջանցիները 60 մլրդ-ով ցանկացել են գնել Արցախը

Aysor.am. 20.09.2011- Լեհաստանի Կրինիցա քաղաքում սեպտեմբերի 9-ին տեղի է ունեցել Եվրոպայի տնտեսական ֆորումը, որտեղ ներկայացված էին Հարավային Կովկասին վերաբերող 2 նստաշրջաններ՝ «Հարավային Կովկասի գեոքաղաքական զարգացումները» և «Լեռնային Ղարաբաղ. կոնֆլիկտի կարգավորման հնարավոր ուղիները և հասարակության ու տարածաշրջանի վրա դրա հետևանքները» թեմաներով, այս մասին այսօր լրագրողներին տեղեկացրեց Եվրոպայի Հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը։
Հայկական պատվիրակության կազմում են եղել «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիյանը, ԱԺ պատգամավորներ Արտակ Դավթյանը և Արա Նռանյանը, Սլավոնական համալսարանի պրոռեկտոր Էդուարդ Սանդոյանը։
Ի դեպ, Ա. Գրիգորյանն ընդգծեց, որ այս ֆորումն անվանում են նաև Արևելյան Դավոս, դրան ամեն տարի մասնակցում են մոտ 3000 պատվիրակներ։

Աշոտ Գրիգորյանի գնահատմամբ՝ այդ ֆորումում մի շարք սենսացիոն հայտարարություններ եղան։ Նախ այն, որ նստաշրջանում օրակարգ մտավ ԼՂՀ խնդրի հետ կապված քննարկում։ Ապա նաև, որ ֆորումին մասնակից ադրբեջանի պատվիրակությունը Ղարաբաղի խնդրի հետ կապված ոչ ստանդարտ մի շարք կարծիքներ արտահայտեց։ Օրինակ՝ հայկական պատվիրակության այն հարցադրմանը, թե՝ ինչո՞ւ Ադրբեջանը տապալեց Կազանում համաձայնագրի ստորագրումը, նրանք պատասխանել են. «Մենք դրանով փրկեցինք Հարավային Կովկասը։ Եթե Ի.Ալիևը Կազանում որևէ փաստաթուղթ ստորագրեր, այն հիմք էր տալու ռուսական և ամերիկյան խաղաղապահների մտնել Արցախ։ Իսկ եթե հանկարծ նրանք մտնեին Արցախ, երբևիցե այնտեղից դուրս չէին գա, և դա կլիներ մեր վերջը»։
Բացի այս, ադրբեջանցիները Ղարաբաղի խնդրի լուծման համատեքստում առաջարկել են 60 մլրդ դոլարի ներդրումային ծրագրեր իրականացնել, եթե Ղարաբաղը համաձայնի Ադրբեջանի կազմում լինել։ Սրան ի պատասխան Արա Նռանյանն ասել է. «Հայրենիքը չի գնվում ու չի վաճառվում»։ Ա. Գրիգորյանն էլ նշել է, որ, եթե Արդբեջանն այդքան փող ունի, թող իր սոված ժողովրդին կերակրի։
Ա. Գրիգորյանի խոսքերով՝ մյուս հայտարարությունը կապված է եղել Նոր Ջուղայի խաչքարերի լուսանկարների հետ, որոնք հայկական պատվիրակությունը ներկայացրել է համաժողովում և որը, ինչպես միշտ, զայրացել է ադրբեջանցիներին. նրանք այդ պատճառով նույնիսկ ցանկացել են չմասնակցել նստաշրջանին: Աշոտ Գրիգորյանն ընդգծեց, որ իրենց կազմակերպությունը մեղադրանք է ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից խաչքարարերի ոչնչացման փաստի առթիվ Ադրբեջան հետաքնող հանձնաժողով չուղարկելու փաստի առնչությամբ։ Նա համոզված է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն խուսափում է նման հանձնաժողով ուղարկել, իսկ պատճառը խիստ շահադիտական է: «Մենք չենք մեղադրում ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոռուպցիայի մեջ, բայց երկու փաստ դնում ենք կողք կողքի. Իհլամ Ալիևից մեկուկես միլիոն դոլար ստանալու փաստը և այսպիսի հանցագործություն, ինչպիսին կատարվել է Նոր Ջուղայում, այդ հանցագործությունը չբացահայտելու փաստը»։
Ա. Գրիգորյանը նաև նշեց, թե արտգործնախարարությունը որևէ կերպ չի արձագանքել իրենց կատարած աշխատանքին: Առհասարակ, ըստ նրա, ԱԳՆ-ն իրենց «խանդով է վերաբերվում», իսկ Սփյուռքի նախարարությունն «ավելի անփառունակ» է իրենց նկատմամբ: Գրիգորյանի խոսքերով` Հայաստանի ԱԳՆ-ն ու Սփյուռքի նախարարությունը չեն աշխատում սփյուռքի հետ, և ամբողջ լոբբիստական աշխատանքը սփյուռքի հայերն են կատարում:
Անդրադանալով Ադրբեջանական բյուջեում ռազմական ծախսերը 3 մլրդ-ի հասցնելու փաստին՝ Ա. Գրիգորյանն ընդգծեց, որ ադրբեջանցիները ֆորումի կուլիսային խոսակցություններում փաստել են, որ այդ գումարի միայն 20 %-ն է ռազմական խնդիրների լուծման համար օգտագործվում:

No comments: