Հայաստանի պետության ու ժողովրդի համար, նաեւ ողջ հայության համար գերխնդիր է մնում Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորումը: Այդ մասին սեպտեմբերի 23-ին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության եւ ամերիկահայ կազմակերպությունների կողմից կազմակերպված հանդիսավոր ընդունելության ժամանակ:«Այստեղ ունենք այն, ինչ ունենք եւ ինչին դուք քաջ տեղյակ եք: Ցավոք, նշելու արժանի նորություններ դեռ չունենք: Իմ դիրքորոշումը չեմ կարծում, որ տարբերվում է ձերինից: Արցախն արդեն 20 տարուց ավել վայելում է իր անկախությունը եւ չի կարող կարգավորման արդյունքում ունենալ ավելի ցածր կարգավիճակ, քան այն, ինչն արդեն ունի եւ ինչը վաստակել է իր որդիների արյամբ»,- նշել է նախագահը:
Ըստ Սարգսյանի, Ղարաբաղի անկախությունը, նրա ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրագործումը որեւէ դեպքում չեն կարող հարցականի տակ դրվել: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ մենք շարունակում ենք բանակցությունները Ադրբեջանի հետ: Բանակցությունները չէի անվանի ոչ արդյունավետ, սակայն մյուս կողմից, Կազանը լավագույն օրինակն էր, որ Ադրբեջանը կառուցողականությամբ շատ աչքի չի ընկնում: Մեր նպատակը եղել եւ մնում է հասնել Ղարաբաղի միջազգային ճանաչմանը, այդ թվում՝ ճանաչմանը Ադրբեջանի կողմից: Անհարկի, միակողմանի զիջումները բացառվում են, եւ այդ մասին առիթ ենք ունեցել բազմիցս խոսելու: Եղել եւ մնում ենք համոզված. կարգավորման ընթացքում իրական արդյունք արձանագրելու համար անհրաժեշտ են քայլեր եւ գործողություններ, որոնք կնպաստեն հակամարտության կողմերի միջեւ վստահության մթնոլորտի ամրապնդմանը»,- նշել է Սարգսյանը:
Վերջինս նկատել է, որ քՔանի դեռ Ադրբեջանը չի դադարեցրել ուժի սպառնալիքի կիրառումը, քանի դեռ Ադրբեջանում առկա է հայատյացության մթնոլորտը, իրական առաջընթացի մասին խոսելը շատ բարդ է լինելու: «Եվ պետք է բոլորս հստակ պատկերացնենք. այն, որ տարիների ընթացքում Հայաստանը դեռեւս չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, բացատրվում է նրանով, որ Հայաստանը փորձել է արդյունք ձեւակերպել բանակցությունների միջոցով: Միաժամանակ պետք է հասկանանք` Ադրբեջանի ցանկացած արկածախնդրություն, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներից դուրս իրականացրած գործողություն՝ կարագացնի մեր կողմից ԼՂՀ ճանաչումը»,- նկատել է Սարգսյանն ու հավելել. «Միասին մենք դեռ շատ անելիքներ ունենք այս գործընթացը հաջողությամբ մինչեւ վերջ հասցնելու համար: Համոզված եմ, որ ԼՂՀ-Սփյուռք կապերի ակտիվացմամբ մեր միասնական օրակարգի կարեւոր տեղերից մեկում պետք է դիտարկվի ԼՂՀ միջազգային ճանաչման խնդիրը»:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment