Thursday, September 29, 2011

ՀՅԴ-ն պահանջում է Սերժ Սարգսյանի հրաժարականը

«Լրագիր» 29-9-2011- Իշխանափոխությունն անհրաժեշտություն է: ՀՅԴ-ն պահանջում է ամբողջական իշխանափոխություն, այո, նաեւ Սերժ Սարգսյանի հրաժարականը,- այսօր հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: Նա, սակայն, նաեւ հավելեց, որ իրենք գնալու են ընտրությունների, միայն թե` հիմա չեն շեշտադրում հերթական կամ արտահերթ ընտրությունների են գնալու, քանի որ երկու դեպքում էլ, եթե իշխանությունները պետք է վերադասավորումներ անեն ու կիրառեն իրենց ձեռքում ունեցած լծակները, ապա արտահերթ ընտրությունները ավելի քան իմաստազրկվում են:
Ավելին, նա քիչ հավանական է համարում արտահերթ ընտրությունների անցկացումը: Հովհաննիսյանը պարզաբանեց, որ արտահերթ ընտրությունների անցկացման համար հարկավոր է լուծարել խորհրդարանը:
«Սակայն որոնք են պառլամենտի լուծարման և նոր պառլամենտի նշանակման հստակ պահանջները: Այդ պահանջներ ներկայացնողներն ապրում են դեռևս առնվազն 90-ականների սվիններով ընդունված Սահամանադրության շնչով: Ներկայիս Սահմանադրությամբ այդքան էլ հեշտ չէ խորհրդարան լուծարելը, միակ ձեւը Սերժ Սարգսյանի հրաժարականն է, այդ դեպքում արդյոք Կոնգրեսն ունի այդքան ազդեցություն. դժվար թե»,- ասաց Վահան Հովհաննիսյանը:
ՀՅԴ խմբակցության ղեկավարը նաեւ ասաց, թե ժողովուրդը պետք է հասկանա, թե ինչ է բերում իրեն իր քվեի գինը: «Աղքատ երկրում հասարակությունը չի կարող ունենալ քաղաքացիական գիտակցություն, քանի որ վատ պայմաններն են պատճառը»,- ասաց Հովհաննիսյանը:

No comments: