Thursday, September 29, 2011

Հայաստանի մասնակցության հարցը Բաքվի «Եվրատեսիլին» որոշված չէ

HayNews.am. 29-9-2011- «Եվրատեսիլ» մրցույթի գործադիր տնօրեն Յոն Օլա Սանդը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ Բաքվում անցկացվելիք «Եվրատեսիլ 2012»-ին Հայաստանը անվտանգության տեսանկյունից կունենա նույն պայմանները, ինչ մասնակից մյուս երկրները:
«Նկատի ունեցեք, որ ըստ ստանդարտ ընթացակարգի` Եվրոպական հեռարձակողների միությունը հյուրընկալող երկրի իրավասու մարմիններից անվտանգության երաշխիքներ է ակնկալում բոլոր մասնակիցների համար` այդ թվում Հայաստանի պատվիրակության: Միությունը, ինչպես միշտ, ժամանակին տեղյակ է պահում անվտանգության հայեցակարգի եւ երաշխիքների մասին մասնակից անդամ հեռարձակողներին, այդ թվում եւ` Հանրային հեռուստաընկերությանը: Մենք տեղյակ ենք ձեր մտահոգությունների մասին եւ պետք է անենք այն, ինչ մեր հնարավորությունների սահմաններում է` հույս ունենալով հաջորդ տարվա մայիսին Բաքվում ողջունել Հայաստանի պատվիրակությանը», – ասաց Օլա Սանդը:
Մինչդեռ Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը օրերս հայտարարեց, որ Հայաստանի ներկայացուցչի մասնակցության հարցը դեռ որոշված չէ, քանի որ հայկական կողմին չեն բավարարում Ադրբեջանի խոստացած անվտանգության երաշխիքները, եւ իրենք երաշխիքների համար դիմել են Եվրոպական հեռարձակողների միությունը:
«Մեզ պետք են ոչ թե ադրբեջանական կիսաերաշխիքները, այլ հենց Եվրոպական հեռարձակողների կողմից երաշխիքներ, եւ կարծում եմ` մինչեւ դեկտեմբեր Ժնեւում կայանալիք ժողովը այդ երաշխիքնեը մեզ պետք է տրամադրվեն», – ասել էր Հարությունյանը:
Ինչպես հայտարարել էր Հանրային հեռուստառադիոխորհդի նախագահը, մասնակցության դեպքում Երեւանից Բաքու կմեկնի 30-40 հոգանոց պատվիրակություն: Ի դեպ, դեկտեմբերին Երեւանում անցկացվելիք «Մանկական Եվրատեսիլ»-ին Ադրբեջանը մասնակցության հայտ չի ներկայացրել:

No comments: