Thursday, September 8, 2011

Ամենահարուստ նախարարը Հարություն Քուշկյանն է, իսկ ամենաղքատը` Հասմիկ Պողոսյանը

News.am. 7-9-2011- 2010 թվականին Հայաստանի նախարարների շրջանում ամենաշատ եկամուտն ունեցել է Հայաստանի առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը: Նրա եկամուտը կազմել է 326 մլն 543.484 դրամ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնից:
Ըստ այդմ, Կենտրոնը Հայաստանի պետեկամուտների կոմիտեից իր հարցման արդյունքում ստացել է ՀՀ բոլոր նախարարների եւ մարզպետների 2010թ.-ի գույքի եւ եկամուտների հայտարարագրերում ներառված տվյալների մասին տեղեկանքները:
Ինչպես նշում են կազմակերպությունից, բացառություն է կազմել միայն ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, քանի որ նա 2010-ին որպես նախարար չի պաշտոնավարել, այլ եղել է Արտաշատի պահածոների գործարան ԲԲ ընկերության նախագահ, գլխավոր տնօրեն (նախարարի պաշտոնը ստանձնել է 2011թ.-ի հունվարի 1-ին):
Նշվում է, որ նախարարների ցուցակում Հարություն Քուշկյանն ամենաշատ եկամուտն է ունեցել նաեւ 2008-ին (381.607.396 դրամ) եւ 2009-ին (341.615.000 դրամ): 2010-ին ամենաքիչ եկամուտն ունեցել է Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը` 3 մլն 071.600 դրամ:
Մարզպետների շրջանում 2010-ին ամենաշատ եկամուտն ունեցել է Լոռիի մարզպետ Արթուր Նալբանդյանը: Հարկ է նշել, որ 2010-ի ընթացքում Արթուր Նալբանդյանը զբաղեցրել է Ալավերդիի քաղաքապետի պաշտոնը: Ուստի, նա գույքի եւ եկամուտների հայտարարագիր ներկայացրել են վերոնշյալ պաշտոնը զբաղեցնելու ժամանակ ստացած եկամուտների վերաբերյալ: 2010թ.-ին ամենա քիչ եկամուտն ունեցել է Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը` 2 մլն 282.200 դրամ:

No comments: