Thursday, September 8, 2011

Համահայկական օլիգարխիա

«Լրագիր» 7-9-2011- Համահայկական բանկը բացվեց: Իհարկե բացվեց շատ ավելի ուշ, քան ծրագրել կամ հայտարարել էր իշխանությունը: Այդ բանկի մասին Սերժ Սարգսյանը հայտարարել էր դեռեւս 2008 թվականի հոկտեմբերի 2-ի իր ուղերձում. “առաջիկա ամիսների ընթացքում համահայկական բանկ ու ներդրումային հիմնադրամ է ստեղծվելու, որոնք մեծամասշտաբ ծրագրեր են ֆինանսավորելու”:
2008 թվականի հոկտեմբերի 2-ից անցել են ոչ թե ամիսներ, այլ գրեթե ամբողջ երեք տարի, մինդեռ Համահայկական բանկը նոր է բացվում, էլ չասած այն մասին, որ մինչեւ պրակտիկ գործունեություն ծավալելը երեւի թե դեռ էլի ժամանակ կանցնի: Այլ կերպ ասած, Սերժ Սարգսյանի 2008 թվականի հոկտեմբերի 2-ի ուղերձը մեղմ ասած հետ է ընկել ժամանակից, եթե նկատի ունենանք նաեւ, որ նա հայտարարել էր նաեւ «առաջիկա ամիսներին նոր ատոմակայանի շինարարություն սկսելու մասին»:
Հայաստանում կարծես թե նոր ատոմակայան դեռ չեն կառուցում: Իհարկե, արանքն ընկավ համաշխարհային տնտեսական ճգնաժամը, բայց բանն այն է, որ 2008 թվականի հոկտեմբերին այդ ճգնաժամն աշխարհում բավական շոշափելի էր, աշխարհն արդեն զգում էր, սպասում էր դրա ծավալմանը, եւ Հայաստանի նախագահի ուղերձ կազմողները թերեւս պետք է դա նկատի առնեին եւ մի քիչ պակաս հավակնոտ ուղերձ պատրաստեին: Չէ որ նախագահական ուղերձը կարճաժամկետ էֆեկտի համար չէ, այլ մնայուն աշխատանք, որը ընթերցող նախագահը դրա համար կրում է երկարաժամկետ պատասխանատվություն:
Բայց այն ժամանակ երեւի թե Տիգրան Սարգսյանը բոլորին համոզել էր, այդ թվում եւ նախագահի ուղերձ պատրաստողներին, որ համաշխարհային ճգնաժամը Հայաստան չի գալու, եւ նույնիսկ Հայաստան է գալու այդ ճգնաժամից փախչող համաշխարհային կապիտալը: Չէ որ Տիգրան Սարգսյանը հենց այդպես էր հայտարարում ԱԺ ամբիոնից` նույն 2008 թվականին ներկայացնելով իր կառավարության հակաճգնաժամային անելիքը:



Հետո պարզվեց, որ ճգնաժամը Հայաստան լավ էլ եկավ, ու այնպիսի թափով, որ երկիրը արձանագրեց աշխարհում ամենամեծ անկումներից մեկը: Այդ ամենը խոսում է նախագահի ուղերձի եւ դրա նախապատրաստման գործում վերաբերմունքի լրջության մասին:
Ինչ վերաբերում է բուն Համահայկական բանկին, ապա այդ բանկը պետք է միջազգային ֆինանսական կազմակերպություններից և զարգացմանն ուղղորդված այլ մասնավոր աղբյուրներից հավաքագրի երկարաժամկետ ֆինանսական միջոցներ` Հայաստանի Հանրապետությունում գրանցված և գործող մրցունակ արտադրական ձեռնարկություններին երկարաժամկետ զարգացման ֆինանսավորում ապահովելու համար:
Հարց է առաջանում, թե ինչու նույն բանը չէր կարող անել ասենք Հայաստանը, որպես պետություն, փողը բերելով եւ առեւտրային բանկերի միջոցով այն տնտեսվարողներին հասցնելով: Կարծես թե մինչ այժմ հենց այդպես էլ կար: Եթե խնդիրը էժան տոկոս ապահովելն է, ինչը առեւտրային բանկերի պարագայում չէր ստացվում, ապա այստեղ չկա՞ արդյոք առեւտրային բանկերին հարվածելու վտանգ: Նշվում է, որ Համահայկական բանկը առեւտրային բանկերի հետ մրցակից չի լինելու, քանի որ չի ներգրավելու ավանդներ եւ առեւտրային վարկեր չի տրամադրելու:
Բայց միթե առեւտրային բանկերի խնդիրը միայն ավանդ ներգրավելն ու առեւտրային վարկեր տրամադրելն է: Չէ որ բանկային համակարգն ունի նաեւ տնտեսության իրական հատվածը ֆինանսավորելու խնդիր, ինչը Հայաստանի պարագայում հատկապես արդիական է, որովհետեւ բանկեր-իրական հատված կապը բավական փոքր է, ինչի մասին շատ են խոսում փորձագետները:
Եթե Համահայկական բանկը փող է գտնելու եւ վարկավորելու է Հայաստանում առկա տարբեր բիզնես ծրագրեր, ապա դա նշանակում է, որ նա դառնում է բանկային համակարգի մրցակից: Գուցե պետությունն այդ մրցակցությունը հաղորդում է, որպեսզի առեւտրային բանկերն էլ մտածեն իրական հատվածի վարկավորման իրենց տոկոսը նվազեցնելու մասին: Այլ կերպ ասած, Համահայկական բանկով պետությունը գուցե փորձում է միջամտել Հայաստանում բարձր բանկային տոկոսներին: Բայց, այդ առումով թերեւս ավելի մեծ է մեկ այլ վտանգ` Հայաստանի բանկային համակարգը պարզապես կկենտրոնանա ընդամենը սպառողական տարբեր կարգի վարկեր տրամադրելու գործառույթի վրա, փող աշխատելով ընդամենը դրանից:
Համաձայնեք, որ այդպիսի բանկային համակարգը վերածվում է ընդամենը փող վաճառող կրպակների ցանցի: Արդյոք Համահայկական բանկը չի սպառնում Հայաստանի բանկային համակարգը վերածել հենց այդպիսի «կրպակային» ցանցի, համակարգում ինքնաբերաբար առաջացնելով խոշորացման անհրաժեշտություն: Այդպիսով, արդյոք Համահայկական բանկը չի դառնա Հայաստանի բանկային համակարգում խոշորացման գործընթաց պարտադրող մի երեւույթ, ինչն էլ բանկային համակարգում կհանգեցնի մոնոպոլիաների կամ օլիգոպոլ մեխանիզմների առաջխաղացման, որոնք Հայաստանի ներկայիս բանկային համակարգում առանց այդ էլ հետին դիրքերում չեն, եւ էլ ավելի առաջ գալով պարզապես կարող են նաեւ այդ ոլորտում հաստատել ընդամենը մեկի կամ երկուսի գերիշխանություն, կուլ տալով մյուսներին:
Իսկ երբ այդ վտանգներին փորձում ենք համադրել Համահայկական բանկի հնարավոր էֆեկտի չափը, ապա կարծես թե ավելի մեծ է վտանգների իրականություն դառնալու, քան էֆեկտ զգալու հավանականությունը, որովհետեւ եթե Հայաստանը միջազգային ֆինանսական կառույցներից զագացման փող ճարող էր, ապա հազիվ թե դրա համար նրան Համահայկական բանկն էր պակասում: Իսկ եթե այդ բանը սփյուռքահայերի հույսին է մնալու, ապա այդ դեպքում էլ, եթե նրանք ունեն Հայաստանի զարգացման գործում լուրջ փողեր ներդնելու անհրաժեշտություն, ապա դա անելու բազմաթիվ տարբերակներ կարող էին գտնել:
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ

No comments: