Saturday, September 3, 2011

ԳՈՐԱՆ ԼԵՆՄԱՐԿԵՐ. ՊԱՏԵՐԱԶՄ ՀԵՇՏ Է ՍԿՍԵԼ, ԴԺՎԱՐ` ԱՎԱՐՏԵԼ

«ԱԶԳ», 03-09-2011- «ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկած խաղաղ կարգավորումը ձեռնտու է բոլոր կողմերին: Եվրոմիությունը պետք է լուրջ աջակցություն ցուցաբերի այդ կազմակերպությունում հարավկովկասյան երկրների անդամությանը», ադրբեջանական «Ապա» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախկին նախագահ, այժմ Յարլ Յարլմարսոնի անվան ժողովրդավարության հիմնադրամի նախագահ Գորան Լենմարկերը:
Հարցին, թե արդյոք ստատուս քվոն ի վերջո կբերի՞ պատերազմի, Լենմարկերը նշել է, որ Հարավային Կովկասում նոր պատերազմ չի բռնկվի: «Պատերազմ հեշտ է սկսել, դժվար` ավարտել», ասել է Լենմարկերը, ընդգծելով, որ դժվար է կանխատեսել ռազմական գործողությունների հետեւանքները:
Իսկ պատերազմ սկսելն ընդհանրապես, Լենմարկերի մեկնաբանությամբ, բերում է երիտասարդ տղամարդկանց ու քաղաքացիական անձանց սպանության, շատերը վիրավորվում են, խեղվում, տնտեսությունը` քանդվում: «Ուստի ես համոզված եմ, որ երկու երկրների պատասխանատու առաջնորդները, որոնց ես հանդիպել եմ, նման բախտորոշ որոշումներ չեն կայացնի», ասել է ԵԱՀԿ ԽՎ նախկին ղեկավարը:

Որպես առաջնային քայլ Լենմարկերը նշել է կողմերի հասարակական կարծիքի համար խաղաղ լուծման փոխզիջումային բնույթի ընդունումը, քանի որ կողմերից ոչ մեկը չի կարող լիովին բավարարել իր պահանջները: Իսկ այն հանգամանքը, որ ներկա դրությամբ ղարաբաղյան հարցի բանակցությունները ընթանում են Ռուսաստանի ակտիվ ներգրավվածությամբ, Լենմարկերը դրական է գնահատել, հավելելով, թե դրա ֆոնին բավականին պասիվ են Եմ-ն ու ԱՄՆ-ը:

«Եվրոպան ԵՄ-ի անդամ ժողովուրդների բազմաթիվ պատերազմներից հետո իր տարածքում խաղաղության կառուցման, բարեկեցության, ժողովրդավարության հաստատման բացառիկ փորձ ունի, ակտիվորեն աշխատում է Հարավսլավիայում պատերազմից հետո խաղաղության հաստատման ուղղությամբ», ասել է Լենմարկերը:

No comments: