Friday, September 30, 2011

Փորձագետ. Ադրբեջանը երբեք չի լսի Թուրքիային եւ չի փչացնի հարաբերություններն Իսրայելի հետ

News.am. 30-9-2011- Ադրբեջանը երբեք էլ չի լսի Թուրքիայի խորհուրդը եւ չի վատթարացնի իր հարաբերություններն Իսրայելի հետ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել թուրքագետ, ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Վահրամ Տեր-Մաթեւոսյանը` մեկնաբանելով Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քըլըջի հայտարարությունը, թե «եղբայրական Ադրբեջանը թուրք-իսրայելական հարաբերությունների սրման փուլում պետք է վերանայի իր հարաբերություններն Իսրայելի հետ»:
«Իրականում Ադրբեջանը երբեք էլ չի լսի Թուրքիայի խորհուրդը, որովհետեւ Ադրբեջանը շատ ավելի է կախված Իսրայելից: Այստեղ շատ այլ շահեր կան, քան թվում է առաջին հայացքից, որպեսզի Ադրբեջանը բառացիորեն վերցնի եւ անի այն, ինչ անում են Թուրքիայում: Խոսքը նավթային եւ եւ գազային պայմանագրերի մասին է: Ադրբեջանա-իսրայելական հարաբերությունները շատ ավելի խորն են եւ խորքային: Ադրբեջանը համարվում է Հարավային Կովկասում Իսրայելի կարեւոր գործընկերը եւ այնքան էլ հեշտ չէ հարաբերությունների վատացման մասին խոսելը»,- նշել է փորձագետը` կարծիք հայտնելով, թե Հուլուսի Քըլըջը պահի տակ ինչ-որ տրամադրություններ ստեղծելու համար է նման հայտարարություն արել. «Դրա տակ երկարաժամկետ քաղաքականություն փնտրել պետք չէ»:
Ավելին, Տեր-Մաթեւոսյանի կարծիքով, եթե Ադրբեջանը չփչացնի իր հարաբերությունները Իսրայելի հետ, դա որեւէ ազդեցություն չի ունենա թուրք-ադրբեջանական հարաբերությունների վրա: «Թուրքիան լավ հասկանում է, որ ավելին է արել, քան պետք էր անել: Աղմուկ է բարձրացրել, եւ իրեն թվում էր, թե այդ հռետորաբանությամբ կարող է իրավիճակ փոխել, իսկ այժմ անցել են քաղաքական քայլերի, բայց Էրդողանի վարքագիծը ցույց է տալիս, որ դա կարճաժամկետ է, հետեւաբար սպասել, որ Թուրքիային մոտ կանգնած երկրները կհետեւեն Մերձավոր Արեւելքի նոր «առաջնորդի» վարքագծին, իրատեսական չէ, քանի որ Իսրայելը բոլորի հետ ունի առանձին պայմանավորվածություններ, առանձին շահեր»,- նշել է Վահրամ Տեր-Մաթեւոսյանը:
Վերջինս հիշեցրել է ՄԱԿ-ի հատուկ հանձնաժողովի զեկույցը «Ազատության նավատորմի» միջադեպի վերաբերյալ, որը «պարզ ցույց է տալիս, թե ով է մեղավոր»: «Էրդողանի հիստերիկ ձեւակերպումները, թե ողջ աշխարհը դարձել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամների գերին եւ այլն, ինչպես ասում են, դժվար պայմաններում հայտնված զոհի ճիչ են հիշեցնում, քան իրական քաղաքական հաշվարկ»,- ամփոփել է փորձագետը:
Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քըլըջը հայտարարել էր, թե թուրք-իսրայելական հարաբերությունների սրման փուլում եղբայրական Ադրբեջանը պետք է վերանայի իր հարաբերություններն Իսրայելի հետ: «Մենք միշտ պատմության ընթացքում եղել ենք Ադրբեջանի կողքին: Ադրբեջանի պատճառով արդեն 18 տարի փակ են մեր սահմանները Հայաստանի հետ: Նման դեպքում եղբայրական երկրի խնդիրը պետք է լինի նաեւ Ադրբեջանի խնդիրը: Մեզ հայտնի է ադրբեջանական նավթը Ջեյհանով Իսրայել առաքելու փաստը: Ադրբեջանական կառավարությունը հրաշալի գիտի, թե ինչ է պետք անել: Մենք վստահում ենք Ադրբեջանին»,- ասել էր դեսպանը:

No comments: