Friday, September 30, 2011

ԵՐԵՔ ՆԱԽԱՊԱՅՄԱՆ, ՈՐ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԿԱՏԱՐԵԼ

«ԱԶԳ», 30-09-2011 - Վերջերս Թուրքիա այցելած ադրբեջանական խորհրդարանականներից մեկը` Իգբալ Աղազադեն, բավականին հետաքրքրական պարզաբանումներ է արել երկու երկրների հարաբերությունների շուրջը: Նա, իհարկե, դրանք որակել է «եղբայրական»: Այդուհանդերձ, ինչպես կարելի է եզրակացնել պատգամավորի որոշ ակնարկներից, նույնիսկ ադրբեջանական վերնախավն է հասկանում, որ ամեն ինչ այնքան անամպ չէ, ինչպես ներկայացվում է:
Մասնավորապես, ադրբեջանցի խորհրդարանականը շատ պարզ խոստովանում է, որ թուրք- ադրբեջանական հարաբերություններում Բաքվի կողմից կարեւորվում է մեկ, իսկ Անկարայից` երեք հարց: Ադրբեջանի դեպքում դա հայ-թուրքական «հաշտեցման» խնդիրն է: Իսկ ահա Թուրքիան պահանջում է, որ Բաքուն պաշտոնապես ճանաչի «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը», PKK-ին ճանաչի որպես ահաբեկչական կազմակերպության եւ անցնի մուտքի առանց վիզայի ընթացակարգի: Վերջերս դրանց գումարվել է նաեւ Իսրայելի հետ հարաբերությունների վերանայման խնդիրը:
Ըստ Աղազադեի, Ադրբեջանը չի կարող ճանաչել Կիպրոսի «թուրքական հատվածի» անկախությունը, քանի որ «Թուրքիայում էլ գիտեն, թե աշխարհում դրանից հետո քանի երկիր կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը»: Սա շատ ուշագրավ մեկնաբանություն է այն իմաստով, որ ադրբեջանցի պատգամավորը հղում է անում Թուրքիայի իմացությանը: Հարց է առաջանում. եթե թուրքերը գիտեն, որ «ՀԿԹՀ»-ն Ադրբեջանի կողմից ճանաչվելու դեպքում մի քանի երկրներ էլ կճանաչեն ԼՂՀ անկախությունը, ապա ինչո՞ւ են պահանջում, որ Բաքուն գնա այդ քայլին, եթե, մանավանդ, պաշտոնապես ասում են, որ «ԼՂ խնդիրը նաեւ մերն է»: Ստացվում է, որ Թուրքիան Ադրբեջանին մղում է ճանաչելու կիպրացի թուրքերի անկախությունը, որպեսզի այլ երկրներ էլ նույնն անեն ԼՂ-ի հանդե՞պ: Մի՞թե հենց դա չէ, որ ակնարկել է Աղազադեն` որոշակիորեն բացելով փակագծերը:
Երկրորդ հարցի կապակցությամբ ադրբեջանցի խորհրդարանականը նույնպես «օրիգինալ» է գտնվել: Նրա ասելով, հարկ չկա, որ PKK-ի հարցով Միլլի մեջլիսը հատուկ որոշում ընդունի, ինչպես առաջարկում են թուրքերը, քանի որ «այդ դեպքում այլ երկրներ նույնպես իրենց տարածքում գործող կազմակերպությունների հանդեպ նույն վերաբերմունքը կպահանջեն» պաշտոնական Բաքվից:
Նա առաջարկում է, որ Թուրքիան բավարարվի վարչապետ Էրդողանի հետ Բաքվում մամլո ասուլիսին Իլհամ Ալիեւի արած հայտարարությամբ: Սրանից պետք է ենթադրել, որ Անկարան Իլհամ Ալիեւի անկեղծությանը չի հավատում եւ պահանջում է հարցի հանդեպ վերաբերմունք դրսեւորել խորհրդարանի որոշման մակարդակով, ինչին Ադրբեջանը չի գնում:
Ինչ վերաբերում է առանց վիզայի մուտքի ընթացակարգին, ապա Աղազադեն նոր ոչինչ չի ասում: Նա կրկնում է պաշտոնական տեսակետը, թե այդ դեպքում հարկ կլինի նույնն անել նաեւ Իրանի նկատմամբ: Բայց ավելացնում է, թե «դա Ադրբեջանի անկախության համար կլինի լուրջ սպառնալիք»: Ադրբեջանցի պատգամավորի այս միտքն ուշագրավ է նրանով, որ պաշտոնական Բաքուն ջանք չի խնայում ներկայանալու որպես «Հարավային Ադրբեջանի եղբայրների իրավունքների պաշտպան», բայց, փաստորեն, խոչընդոտում է երկիր ազատ մուտք գործելու այդ մարդկանց ցանկությանը, քանի որ դրանում «սպառնալիք» է տեսնում: Նշանակում է «հարավի եղբայրները» դե՞մ են Ադրբեջանի անկախությանը: Սա էլ չի տեղավորվում «աշխարհի ադրբեջանցիների համերաշխության»` Իլհամ Ալիեւի հռչակած առաջնահերթության տրամաբանության մեջ: Քանի որ ինչպե՞ս կարող են այդ մարդիկ համերաշխ լինել, եթե ադրբեջանական կառավարությունը «նույն» ազգի մի հատվածին դիտում է որպես անցանկալու:
Աղազադեն շատ «դիվանագիտական» պատասխան է տվել Իսրայելի հետ հարաբերությունների վերանայման մասին թուրքական կողմի պահանջի շուրջ հարցադրմանը: «Թուրքիան մեզ համար եղբայրական, Իսրայելը` բարեկամ երկիր է, եւ մենք ցանկանում ենք, որ նրանք ընդհանուր լեզու գտնեն»: Ինչից պիտի հասկանալ, որ թուրքական նոր պահանջը նույնպես Բաքուն չի պատրաստվում բավարարել:
Այս համապատկերում ուշադրություն է հրավիրում անոնսը, որ հոկտեմբերին Ադրբեջան կայցելի Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուն: Այցը կլինի աշխատանքային. Թուրքիայի ԱԳ նախարարն իր երկիրը կներկայացնի Ադրբեջանի անկախության 20-ամյակի տոնակատարություններին: «Եղբայրական» երկրների համար դա բավարա՞ր մակարդակ է: Հավանաբար` ոչ: Եվ երեւի հենց դա էլ Անկարայի պատասխանն է Իլհամ Ալիեւին: Բայց մանավանդ իմաստ ունի հարցը. եթե Ադրբեջանը չի կատարում «ավագ եղբոր» չորս նախապայմաններից եւ ոչ մեկը, ինչի համար պատգամավոր Աղազադեն ունի մի հիմնական պատճառաբանություն, որ «եթե վաղը պատերազմ սկսվի, ապա Թուրքիան դրան ուղղակիորեն չի մասնակցի», ապա իրավասու չէ՞, արդյոք, Անկարան չկատարելու Ադրբեջանի միակ պահանջը: Բայց դա արդեն Թուրքիայի ներքին խնդիրն է:
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

No comments: