Tuesday, September 13, 2011

Մեդվեդեւի պայքարն ու Հայաստանը

«Լրագիր» 13-9-2011- Ռուսական հեռուստաընկերությունները ցուցադրում են, թե ինչպես է այդ երկրի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը խորհրդակցություն անցկացնում Հոկեյի Մայրցամաքային Լիգայի եւ Յարոսլավլի Լոկոմոտիվի ղեկավարների հետ, աղետի ենթարկված Յարոսլավլի Լոկոմոտիվ ակումբը վերականգնելու վերաբերյալ: Ինչպես հայտնի է, ակումբի հոկեյիստները ավիաաղետի զոհ դարձան, եւ ներկայում փաստացի կա նոր ակումբ ձեւավորելու խնդիր: Ու Մեդվեդեւը զբաղվում է այդ խնդրով:
Գերտերության հավակնություն ունեցող երկրի նախագահը զբաղվում է հոկեյի ակումբը վերականգնելու խնդրով: Կարելի՞ է արդյոք պատկերացնել, որ ենթադրենք Մեծ Ութնյակի կամ Մեծ Քսանյակի որեւէ երկրում այդ հարցը հասներ մինչեւ նախագահական խորհրդակցության մակարդակի: Քիչ թե շատ նորմալ երկրում այդ հարցը լուծում են հոկեյի Լիգայի եւ ակումբի ղեկավարները, ոչ թե ասենք Օբաման, Սարկոզին կամ Մերկելը:
Բայց ըստ երեւույթին Մեդվեդեւին Ռուսաստանում զբաղվելու այլ հարցեր չեն մնում, ու նա ստիպված է զբաղվել աղետի ենթարկված հոկեյի ակումբների հետագա ճակատագրով: Ավելի կարեւոր հարցերով զբաղվելը Մեդվեդեւի մոտ այդպես էլ չստացվեց, որքան էլ նրան մեծ աջակցություն ցուցաբերեց Արեւմուտքը, որ նա կարողանա Ռուսաստանում իշխանությունը վերցնել իր ձեռքը եւ աստիճանաբար դուրս մղել Պուտինին:
Մեդվեդեւն այդ գործը տապալեց: Յակ-42 օդանավի աղետից հետո, խորհրդակցություն անցկացնելով օդային տրանսպորտի վերաբերյալ, Մեդվեդեւը խոսում էր անվտանգության չափանիշները չպահող ընկերություններին արտոնագրից զրկելու եւ շուկայից հանելու անհրաժեշտության մասին, տալիս հանձնարարություններ: Նույն խորհրդակցությանը, տրանսպորտի նախարար Լեւիտինը հայտարարում էր, թե օդանավային ընկերությունների շատ փոքր մասն է անվտանգության նոր մեխանիզմները ներդրել օդանավերում: Դրանից հետո, Մեդվեդեւը թերեւս պետք է Լեւիտինին ցույց տար ելքի դուռն ու նրանից պահանջեր այն դրսից փակելուց առաջ ներկայացնել իր հրաժարականի դիմումը, որովհետեւ նախարարը պետք է ոչ թե նախագահին ասեր, որ միայն փոքր մասն է անվտանգության նոր մեխանիզմները ներդրել, այլ պետք է ասեր, որ դա չանելու համար այսքան ընկերություն ենք զրկել արտոնագրից եւ թռիչք իրականացնելու իրավունքից:
Բայց Մեդվեդեւը չի կարող հեռացնել Լեւիտինին, որովհետեւ նա Պուտինի նախարարն է: Նախագահության ընթացքում նա ոչ թե ընդլայնեց իր կարողությունների շրջանակը, այլ ավելի նեղացրեց այն, եւ թերեւս Պուտինը Լեւիտինին ազատի ու տրանսպորտի նախարար դառնա Մեդվեդեւը:
Բանն այն է, որ միայն Լեւիտինին տրանսպորտի նախարարի պաշտոնից հեռացնելով արդեն հարց չի լուծվի` պետք է Մեդվեդեւին հեռացնել նախագահի պաշտոնից, որովհետեւ անվտանգության սպառնալիքն ավելին է, քան զուտ օդային ուղեւորափոխադրումները Ռուսաստանում: Եթե Ռուսաստանի պես երկրի նախագահի պաշտոնում է մարդ, ով չի տիրապետում իշխանությանը, այդ երկիրը վտանգավոր է դառնում աշխարհում ընդհանրապես, եւ իր մոտ ու հեռու դաշնակիցների համար մասնավորապես: Տվյալ պարագայում խոսքը նաեւ Հայաստանի մասին է:
Մեդվեդեւի դե յուրե նախագահության, բայց դե ֆակտո անիշխանությամբ ապրող Ռուսաստանը վտանգավոր է նաեւ Հայաստանի համար, ու անցած տարիների ընթացքում մենք առարկայորեն տեսել ենք այդ վտանգները` հայ-թուրքական գործընթաց, Ղարաբաղի հակամարտության կարգավորման եռակողմ գործընթաց, Ադրբեջանին C-300-ի վաճառք: Անիշխանության մեջ հայտնված, կամ իշխանության համար անհույս պայքարի մեջ մտած նախագահով Ռուսաստանը Հայաստանին թերեւս էլի կարող է տհաճ անակնկալներ մատուցել, հետեւաբար ավելի լավ է, որ Ռուսաստանում այդ ամենը դադարի եւ հստակ լինի, թե ինչպիսի Ռուսաստանի հետ գործ ունենք:
Դա ամենեւին չի նշանակում, որ ասենք իշխանության խնդիրը լուծած Ռուսաստանը, ասենք Պուտինի գլխավորությամբ, Հայաստանի համար խնդիրներ չի առաջացնելու: Գուցե դրանք լինեն առավել սուր խնդիրներ: Բայց մի բան է հստակ խնդիրը, երբ կա մոտավոր կանխատեսելիություն, մեկ այլ բան է, երբ չգիտես, թե ինչ խնդիր է քեզ մատուցելու Ռուսաստանում իշխանության պայքարը հաջորդ պահին:
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ

No comments: