Wednesday, September 7, 2011

Ադրբեջանը կարող է Հայաստանի դեմ պատերազմ սկսել առանց մեծ տերությունների համաձայնության. Ժիրայր Լիպարիտյան

Tert.am. 6-9-2011- Չի բացառվում, որ Ադրբեջանը Հայաստանի դեմ պատերազմ սկսի առանց մեծ տերությունների համաձայնության։ Այս մասին Turan գործակալության հետ հարցազրույցում ասել է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի նախկին գլխավոր խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը։
«Որպեսզի գոյություն ունենան մեծ տերությունները, պետք է լինեն նաև այնպիսի պետություններ, որոնք այդպիսին չեն։ Լինում է նաև այնպես, որ որոշ պետություններ հաշվի են նստում ոչ մեծ և նույնիկ փոքր պետությունների հետ, կախման մեջ են գտնվում նրանցից։ Պատմության ընթացքում շատ բան է տեղի ունեցել հենց այդպիսի ոչ մեծ պետությունների պատճառով»,– ասել է Լիպարիտյանը՝ նշելով, որ մեծ տերություն չհամարվող Ադրբեջանը հնարավոր է՝ բանակցություններ է վարում ԱՄՆ–ի կամ Ռուսաստանի հետ Հայաստանի դեմ պատերազմ սկսելու համար։
«Հաշվի առնելով փակուղային իրավիճակը՝ Ադրբեջանը կարող է որոշում կայացնել, որ պատերազմ սկսելուց բացի այլընտրանք չունի»,– ասել է Լիպարիտյանը՝ նշելով, որ մեծ տերությունները դեմ չեն լինի նրա որոշմանը։
Անդրադառնալով հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ Լիպարիտյանն ընդգծել է, որ կողմերն Արձանագրություններից սպասում էին ավելին, քան այդ փաստաթղթերը կարող էին տալ նրանց։
«Հարաբերությունների կարգավորման և սահմանների բացման հետ մեկտեղ Թուրքիան ցանկանում էր լուծել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը, իսկ Հայաստանը փորձում էր վերացնել երկկողմ հարաբերությունները ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ շաղկապելու խնդիրը։ Մեծ հաշվով, Երևանն ու Անկարան անկեղծ էին իրենց նպատակներում»,– ասել է Լիպարիտյանը՝ ավելացնելով, որ ստեղծված իրավիճակում հիմնական մեղավորը Թուրքիան է, որը մերժեց Հայաստանի՝ հարաբերություններն առանց նախապայմանի վերականգնելու առաջարկությունը։
Նշելով, որ հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման ձախողման մեջ զգալի դերակատարություն է ունեցել նաև Ադրբեջանը, Ժիրայր Լիպարիտյանն ասել է. «Արձանագրությունների ձախողումը զգալի չափով հետ մղեց հայ–թուրքական հաշտեցման գործընթացը»։

No comments: