Wednesday, September 7, 2011

ԼՂՀ ԱԺ նախագահ. Առանց ԼՂՀ ճանաչման հարցը լուծելու, չենք կարող ՀՀ-ի հետ միավորման համար իրավական հիմքեր ստեղծել

News.am. 7-9-2011- Ես հիանում եմ 1991-ի մեր քաղաքական գործիչների իմաստնությամբ, որ Խորհրդային միության փլուզման օրերին ընդունել են պահի ամենաճիշտ որոշումը եւ հռչակել Լեռնային Ղարաբաղի հանրապետություն: Այս մասին հայտարարել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը` Ստեփանակերտի «Խաչքար» ամսագրին տված հարցազրույցում:
«Ներկա փուլում արցախյան ժողովրդի կամքը որպես առանձին պետություն գոյատեւելն է։ Որպես ժողովրդի վստահությունը ստացած իշխանավորներ, մենք պարտավոր ենք առաջնորդվել ժողովրդի կամարտահայտությամբ։ Մենք երկու անգամ արդեն փորձարկել ենք ժողովրդի կամքը՝ 1991 թվականի հանրաքվեով եւ 2006 թվականի Սահմանադրության ընդունմամբ։ Չեմ կարծում, որ այսօր առանց ԼՂՀ ճանաչման հարցը լուծելու մենք կարող ենք նոր իրավական հիմքեր ստեղծել ՀՀ հետ վերամիավորման համար։
Ապագայում, ես խորապես համոզված եմ, որ հայկական այս միասնական հայրենիքի երկու առանձին մասերը շատ հեշտ եւ ճիշտ լուծում կգտնեն։ Այն ինչ որ այժմ ունենք՝ երկու հայկական հանրապետություն, բոլորս պարտավոր ենք հարգել եւ պահպանել»,- ասել է նա, ի պատասխան հարցի, թե Ղարաբաղի ապագան տեսնում է որպես Հայաստանի մա՞ս, թե՞ անկախ պետություն:
Հարցին, թե ի՞նչ ասելիքներ ունեք Ռուսաստանում ապրող արցախցիներին, Աշոտ Ղուլյանը պատասխանել է. «Սփյուռքում ապրող արցախցիները մի շատ ճիշտ ձեւ ունեն Արցախի կյանքին մասնակցելու՝ դա նրանց վերադարձն է հայրենիք։ Մենք հասկանում ենք, որ այստեղ պետք է ստեղծել բոլոր անհրաժեշտ գործոնները՝ ապահովագրված եւ երաշխավորված վերադարձի եւ հայրենիքում հետագա արժանավայել գոյակերպի համար։ Քանի որ հայրենադարձության կազմակերպված ծրագիրը առայժմ բացակայում է, ուրեմն ամեն ինչ այս բնագավառում առայժմ տարերային բնույթ է կրում։
Արտերկրում ապրող արցախցիները պետք է հասկանան, որ ինչքան էլ այստեղ բարդ իրավիճակ լինի, հայրենիքում ապրելը հասարակայնորեն ամենաանվտանգն է, ամենաապահովն ու հանգիստը։ Իմ ցանկությունն ու մաղթանքն է Ռուսաստանում ապրող հայերին, որ իրենց կյանքի մի շատ կարեւոր պահի կարողանան ընդունել հայրենիք վերադառնալու որոշում»:

No comments: