Wednesday, September 7, 2011

ՍՏԱՄԲՈՒԼԻ ԲԱՐԲԱՐՈՍԱԿԱՆ ԳԻՇԵՐՎԱ 56-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԸ

1955 թ. սեպտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը դժոխային էր Ստամբուլի հույն, հայ եւ հրեա քաղաքացիների համար:

Բոլոր լրատվամիջոցները շարունակ խոսում են 2011-ի սեպտեմբերի 11-ի տարելիցի մասին, մինչդեռ գրեթե աննկատ մնացող 1955-ի իրադարձությունը շատ ավելի լուրջ հետեւանքներ ունեցավ, քանզի դա քեմալական հանրապետության մոլեռանդ թուրքացման ծրագրի վերջակետն էր, որը հանգեցրեց հայերի եւ հույների մի ամբողջ սերնդի արտագաղթին:
1915-ի ցեղասպանությունից քառասուն տարի անց թուրքական պետությունը գործի էր դնում մի դիվային ծրագիր (այն սկզբնապես նախատեսված էր 1953-իՙ Կոստանդնուպոլսի գրավման 500-ամյակի համար), որպեսզի «ծովը լցնի» Ստամբուլում մնացող վերջին հույներին: Սեպտեմբերի լույս 7-ի գիշերը գերազգայնականների դրդմամբ մոլեռանդների հրոսակները, պատրվակ դարձնելով Սալոնիկում Աթաթուրքի տան առջեւ ռումբի (որն իրականում տեղադրել էր MIT-ի անդամներից մեկը) պայթյունը, ավտոբուսներով Ստամբուլ մեկնեցին «հույներին ջարդելու»:
«Գործողության» հրահրիչները կորցրին ամբոխների վերահսկողությունը, եւ հարբած ու բորբոքված հարձակվողները կարգի պահապանների անտարբեր հայացքների ներքո սպանում ու բռնաբարում էին, ավերեցին ազգային փոքրամասնությունների տներն ու խանութները, կողոպտեցին եկեղեցիները... Մի քանի մանր հանցագործներից բացի, ոչ ոք չպատժվեց խժդժությունների համար: Ռումբը պայթեցրած Օքթայ Էնգինը մի քանի տարի անց պարգեւատրվեց: Նա դարձավ ոստիկանապետ եւ ապա անվտանգության ծառայությունների ղեկավար:
Հետագա տարիներին բազմաթիվ հույներ եւ հայեր վերջնականապես լքեցին երկիրը:
Ներկայումս այս կամ այն երկրից ներողություն պահանջող Թուրքիան մինչեւ օրս ներում չի հայցել ֆիզիկական եւ հոգեբանական խեղիչ բռնության ենթարկված իր քաղաքացիներից: 50-րդ տարելիցի առիթով 2005-ին Ստամբուլում հիշյալ դեպքերը պատկերող լուսանկարչական ցուցահանդեսն ավերեցին գերազգայնականները կարգի պահապանների անտարբերության պայմաններում:

ԺԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ ՍԻՐԱՊՅԱՆ, Չոպանյան ինստիտուտի հիմնադիր նախագահ, Ալֆորվիլ, Ֆրանսիա

No comments: