Thursday, September 22, 2011

Մոսկվայի «շնորհակալությունը»

«Լրագիր» 22-9-2011- Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը հանդես է եկել ԼՂՀ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության վերաբերյալ հայտարարությամբ:
Դրանում բավական ուշագրավ է հակամարտության կարգավորման գործընթացի հանդեպ Ռուսաստանի դիրքորոշման հիշատակումը: “Հաստատում ենք աջակցությունը տարածքային ամբողջության եւ ուժի չկիրառման սկզբունքներին, հավասարապես ինչպես միջազգային իրավունքի մյուս հիմնարար սկզբունքներն ու նորմերը”, հայտարարել է Լուկաշեւիչը, ով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն է:
Դա այն ՌԴ-ն է, որը Հայաստանի ռազմավարական գործընկերն ու դաշնակիցն է, որի զորքը Հանրապետության հրապարակով անցնում է Հայաստանի անկախության տոն-զորահանդեսին: Ահա այդ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը մասնավորապես հիշատակում է տարածքային ամբողջության սկզբունքը, իսկ ահա ինքնորոշման իրավունքի մասին խոսում է ընդհանրականորեն` “միջազգային իրավունքի մյուս հիմնարար սկզբունքներն ու նորմերը”:
Ինչու է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը խուսափում տարածքային ամբողջության նման բավական կոնկրետ հիշատակել ինքնորոշման իրավունքը: Ինչու է Մոսկվան խուսափում դրանից: Վախենում են Ալիեւի՞ն նեղացնել, թե՞ բարկացնել: Իսկ գուցե հայերին բանի տեղ չեն դնում եւ համարում են, որ նրանց համար շահեկան սկզբունքներն ընդհանուր ֆրազոլոգիայով անցկացնելն էլ բավական ու մեծ պատիվ է հայերի համար:
Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի այդ վերաբերմունքը միանգամայն համարժեք է հայերի մի զգալի մասի պահվածքին: Երբ իշխանության բարձրագույն, միջին եւ նույնիսկ ստորոտ մակարդակներում առկա է Ռուսաստանի ամենայն գործողություն սրբացնելու, իսկ հակառակն ազգային դավաճանություն եւ թշնամու պատվեր որակելու անքննարկելի պատրաստակամություն, ապա Ռուսաստանը բացարձակապես կարիք չունի հաշվի առնել այդ պատրաստակամությամբ լեցուն “վերնախավ” ունեցող պետության շահերը, անգամ եթե խոսքը ընդամենը դիվանագիտական հայտարարությունների մասին է:
Ի դեպ, հարկ է նկատել, հատկապես այդ “վերնախավի” տարբեր տրամաչափի գործիչների եւ գործիքների համար, որ օրինակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների պաշտոնական հայտարարություններում չեն զլանում տարածքային ամբողջությանը զուգահեռ նաեւ կոնկրետ նշել ինքնորոշման իրավունքի մասին:
Ըստ երեույթին, հարկավոր է անկախության հաջորդ տարեդարձին Հանրապետության հրապարակում մի հատ էլ զորահանդես անել ու այս անգամ ռուս սահմանապահներից բացի նաեւ ռուսական տանկային բրիգադ անցկացնել հրապարակով: Միգուցե ռուսները դա գնահատեն ու հիշեն ինքնորոշման մասին:
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ

No comments: