Saturday, September 3, 2011

«Այրված կամուրջներ»

«Լրագիր» 3-9-2011- WikiLeaks կայքում վերջին շրջանում պարբերաբար հրապարակվում են Հայաստանի վերաբերյալ ԱՄՆ դիվանագիտական գրագրության փաստաթղթերը: Դրանք առավել հետաքրքիր են Հայաստանի ներքին ու արտաքին զարգացումների ներկայիս ֆոնին, երբ երկիրը, փաստացի, կանգնած է բավական լուրջ տրանսֆորմացիաների շեմին:
Փաստաթղթերում մեծ տեղ է գրավում Ռոբերտ Քոչարյանի «թեման», նրա եւ Սերժ Սարգսյանի հարաբերությունների ու համեմատության հարցը: Օրինակ, փաստաթղթերից մեկում նշվում է, որ 2008-ի փետրվար-մարտին, բողոքի զանգվածային ցույցերի շրջանում, Սերժ Սարգսյանն ավելի մեղմ մոտեցումների կողմնակից էր, իսկ Քոչարյանը՝ ավելի կոշտ: Նշվում է, որ այդ ժամանակ Քոչարյանը, գնալով կոշտ քայլերի, փաստացի ձգտում էր, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը լինի ոչ լեգիտիմ եւ խոցելի, որը թույլ կտար նրան պահպանել ազդեցությունը քաղաքական ու տնտեսական ոլորտներում:
Այս թեման հայկական մամուլում եւ քաղաքագիտական շրջանակներում բազմիցս է քննարկվել: Շատերն են համակարծիք այս տեսակետին, շատերն էլ նշում են, որ Սարգսյանն այդ ժամանակ միակ մարդն էր, որ կարող էր թույլ չտալ իրադարձությունների նման զարգացումը: Շատերն են նշում, որ օրինակ կարելի էր հայտարարել նախագահի ընտրության երկրորդ փուլ, ինչը թույլ կտար թուլացնել լարվածությունը:
Ընտրություններից հետո ԱՄՆ չի շնորհավորել Սերժ Սարգսյանին, այս երեք տարիների ընթացքում, մի կողմից, ակնարկելով նրա իշխանության ոչ լեգիտիմ լինելը, մյուս կողմից սակայն համագործակցելով նրա հետ: Պետք է ասել, որ այդ համագործակցությունը բավական արդյունավետ է եղել թե ԱՄՆ, որն այդպիսով ամրապնդեց իր ներկայությունը տարածաշրջանում, թե նաեւ Հայաստանի համար: Օրինակ, տապալվեց հայ-թուրքական արձանագրությունների այն տարբերակը, որ դրված էր սեղանին, եւ որին Հայաստանը տվել էր իր համաձայնությունը, եւ որն, ինչպես հետագայում պարզվեց, ռուս-թուրքական համատեղ տարբերակ էր: Տապալվեց նաեւ Ղարաբաղը փաստացի Ադրբեջանին հանձնելու ռուս-թուրք-ադրբեջանական նախագիծը:
Ինչ վերաբերում է ներքին կյանքին, ապա այստեղ էական փոփոխություններ չկան, եւ սակայն, մյուս կողմից, հնարավորություններ են ստեղծվել հասարակական-քաղաքացիական նախաձեռնությունների ակտիվ ու արդյունավետ գործունեության համար, որն արդեն բավական շոշափելի արդյունքներ է գրանցում բնապահպանական, իրավական եւ այլ ոլորտներում:
Սակայն, կոնսերվացնելով Հայաստանի համար արտաքին կարեւորագույն խնդիրները, ամենայն սրությամբ դրվել է Հայաստանի ներքին ռեֆորմացիայի խնդիրը, որի վերաբերյալ էլ բազմաթիվ փաստաթղթեր են հրապարակվում WikiLeaks-ում: Ըստ էության, խնդիրը «Քոչարյանի ժառանգություն» կոչվածի, որը Հայաստանում ձեւավորված համակարգն է, եւ որը դարձել է ընդդիմության ու իշխանության «ալիբին»՝ առաջինի դեպքում արմատական քայլերի չդիմելու, երկրորդի դեպքում՝ սեփական ձախողումներն արդարացնելու հարցում, ապամոնտաժումն է: Դա ենթադրում է Հայաստանի ներքին համակարգային բարեփոխումներ, եւ արտաքին քաղաքական որոշակի անկախություն:
Ահա այն խնդիրը, որը դրված է Հայաստանի առջեւ, եւ որն անշուշտ բխում է հայ ժողովրդի շահերից: Ըստ էության, իշխանության եւ Կոնգրեսի միջեւ սկսած երկխոսությունը, որը ներկայում առկախված է, իր որոշակի դերն ունեցավ այս գործընթացում: Դժվար է ասել՝ արդյոք այն կշարունակվի, թե արդեն իր դերը կատարել է, եւ ներկայում գործի են դրվելու այլ մեխանիզմներ: Համենայն դեպս, երկխոսությունն ունեցավ գրեթե նույն նշանակությունը, ինչ հայ-թուրքական արձանագրությունների առաջին տարբերակը: Այսինքն, պետք էր գործընթաց, շատ էական գործընթաց: Որի շնորհիվ այրվում են նախկին համակարգը պահպանելու բոլոր «կամուրջները»:
Հայկ Արամյան

No comments: