Tuesday, September 13, 2011

ՆԱԽԻՋԵՎԱՆՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԱ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵ՞Ր

«ԱԶԳ, 13-09-2011- Ընդդիմադիր «Ենի մուսավաթ» թերթի ունեցած տեղեկություններով, Նախիջեւանում են գտնվում մի խումբ ամերիկացի բարձրաստիճան զինվորականներ, որոնք Ադրբեջանի բանակի տեղի զորամասերի սպաների եւ սերժանտների հետ «նախապատրաստում են զորավարժություններ»: Ըստ այդմ, ինչպես գրում է «Ենի մուսավաթ»-ը, սպասվում է, որ «արդեն հոկտեմբերին Նախիջեւանում տեղակայված ադրբեջանական զորքերը լիովին կանցնեն նոր համազգեստի, իսկ խորհրդային եւ ռուսաստանյան արտադրության հրաձգային զենքերը կփոխարինվեն ամերիկյանով, թուրքականով եւ իսրայելականով»: Լրատվամիջոցը տեղեկացնում է, որ երկուստեք համաձայնությամբ նախատեսվող զորավարժություններին, որոնք կլինեն մարտավարական-շտաբային, տրվել է «Ռեգիոնալ պատասխան» ծածկանունը:
Այդ առթիվ նաեւ ասվում է, որ երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջեւ ձեռք բերված համաձայնությունների շրջանակներում ընթացիկ տարվա հոկտեմբերից մինչեւ 2012թ. «վերջը կկազմակերպվեն շուրջ հինգ տասնյակ համատեղ միջոցառումներ` ներառյալ խորհրդաժողովներ, սեմինարներ եւ զորավարժություններ»: Թերթը հիշեցնում է, որ անցյալ տարի հարյուր ադրբեջանցի զինվորականներ ամերիկացիների հետ համատեղ միջոցառում են անցկացրել Ռումինիայում, եւ հատուկ ընդգծում նախիջեւանյան զորավարժությունների «աշխարհաքաղաքական ենթատեքստը»:
Հիշյալ իմաստով «Ենի մուսավաթ»-ը մեկնաբանություններ է խնդրել ռազմական փորձագետ, պահեստի փոխգնդապետ Ուզեիր Ջաֆարովից: Վերջինս խիստ քննադատաբար է վերաբերվել Նախիջեւանի տարածքում ադրբեջանա-ամերիկյան համատեղ զորավարժությունների անցկացմանը: Նրա կարծիքով, «ամերիկա-իրանական հարաբերությունների մասին բոլորը գիտեն, իսկ Նախիջեւանի եւ Թուրքիայի կապը գրեթե Իրանի միջոցով է իրականացվում»: Ադրբեջանցի ռազմական փորձագետի կարծիքով, այդ զորավարժությունները «պետք են նրանց, ովքեր ձգտում են առանց այդ էլ բարդ իրավիճակը մի փոքր էլ վատթարացնել»:
Թե ինչ իմաստ ունեն Ուզեիր Ջաֆարովի մտահոգությունները, եզրակացնել դժվար չէ: Հիշեցնենք միայն, որ այս օրերին իրանական կողմը նույնպես զորավարժություններ է անցկացնում: Այն էլ` Ադրբեջանի հետ սահմանամերձ գոտում: Դրանց ընթացքում Թավրիզում իրանական ռազմական ինքնաթիռ է կործանվել: Կարեւոր է հատկապես, որ իրանական կողմի զորավարժությունների թեմայով արտահայտվել է Իլհամ Ալիեւի աշխատակազմում արտաքին քաղաքական հարցերով պատասխանատու Նովրուզ Մամեդովը եւ ասել, որ «դրանք Ադրբեջանին չեն վախեցնում»:
Իրանի հետ Ադրբեջանի հարաբերությունների լարվածությունն արդեն ոչ մեկի համար գաղտնիք չէ: Պաշտոնական մակարդակով երկու երկրները բավական կոշտ գնահատականներ են հնչեցնում միմյանց հասցեին: Օրերս Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Գանիրա Փաշաեւան աներկմիտ հայտարարել է, որ «բոլոր ադրբեջանցիները, որտեղ էլ ապրելիս լինեն, պարտավոր են պայքարել Իրանի բնակչության գրեթե կեսը կազմող իրենց թուրք եղբայրների իրավունքների համար»:

No comments: