Tuesday, September 13, 2011

Հնագույն զգեստապահարանը համալրվում է. Արենիում հայտնաբերվել է ավելի քան հինգհազարամյա զգեստ

Tert.am. 12-9-2011- Արենիում հայտնաբերվել է աշխարհի հնագույն հագուստներից մեկը՝ 5065+/-15 տարեկան ծղոտե զգեստը։ Այս մասին հաղորդեց «Հայլուր»-ը։
Գտածոյի տարիքը որոշվել է Կալիֆոռնիայի համալսարանի մասպեկտրոմետրիալ հետազոտությամբ։ Հագուստի մեծաքանակ մնացորդներից առաջինը բացված մի փոքրիկ կտորն իսկ ապշեցրել է շատ բան տեսած հնագետներին։ Երկգույն ծղոտով հյուսված զգեստն այնպիսի տեսք ունի, կարծես այն երեկ է թողնվել քարայրում։ Օրգանական նյութերն այստեղ բնական եղանակով մումիացվել են շատ ավելի լավ, քան՝ եգիպտական բուրգերում։
Քարայրի բացառիկ միկրոկլիմայի և իրենց հայտնաբերած հագուստի շնորհիվ հնագետները շուտով կարող են միացնել գտնված կտորները և ցույց տալ, թե ինչ էր հագնում քիչ թե շատ ունևոր կինը Ք.ա. 39-րդ դարում։
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ այստեղ՝ Արենիի քարայրում հայտնաբերվել էր աշխարհի հնագույն կոշիկը, դրանից որոշ ժամանակ անց բացվել էին գինու կարասներ։ Քարայրի անկրկնելի միկրոկլիմայի շնորհիվ գտածոները պահպանվել են շատ լավ, և դրանք ներկայացնող գիտնականները հավաստում էին, որ պեղված գտածոների հետազոտությամբ առավել լավ կճանաչենք մեր նախնիներին ու նրանց կենցաղավարությունը։

No comments: