Tuesday, September 6, 2011

Իրանի պաշտպանության նախարարն արձագանքել է Թուրքիայում ՆԱՏՕ-ի ՀՕՊ համակարգերի տեղակայման մասին որոշմանը

Panorama.am. 6-9-2011- «Իրանը երբեք, ոչ մի վայրից իր ազգային շահերին սպառնացող ոչ մի ոտնձգություն չի հանդուրժի, ուստի իսլամական երկրներում Արևմուտքի ներկայությունը դիտովում է որպես այդ երկրների անվտանգությունը խաթարող և անհանգստություն առաջացնող տարր»:
Այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ` հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին` անդրադառնալով Թուրքիայում ՆԱՏՕ-ի ՀՕՊ համակարգերի տեղակայման հարցին:
Ամադ Վահիդին, անդրադառնալով տարածաշրջանի անվտանգության խնդրին, նշել է, որ Իրանի նպատակն այն է, որպեսզի տարածաշրջանի անվտանգությունը ապահովվի տեղի երկրների ջանքերով` առանց դրսի ուժերի միջամտության:
Հիշեցնենք, որ օրերս թուրք դիվանագետ, նախկին դեսպան Ունուր Իմանը, անդրադառնալով Թուրքիայի տարածքում ՆԱՏՕ-ի ՀՕՊ համակարգերի տեղակայման հարցին, նշել էր. «Թուրքիայի տարածքում ՆԱՏՕ-ի ՀՕՊ համակարգերի տեղակայումը Իրանը կարող է դիտել որպես սպառնալիք` ուղղված ընդդեմ իր երկրի շահերին, և որևէ հակամարտության ծագման պարագայում այդ համակարգերը առաջինը իրանական հրթիռների հարձակման թիրախ կարող են դառնալ»:
Իսկ ԻՀՊԿ ցամաքային ուժերի հրամանատարի տեղակալ Աբուլղասեմ Ֆորութանը վերջերս «ՖԱՐՍ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել էր, որ Իրանի ԶՈւ գերագույն հրամանատարության հրամանի դեպքում իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային ուժերի հրետանային համալիրը պատրաստ կանգնած կլինի տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ռազմակայանների առջև, որոնք գտնվում են ԻՀՊԿ ցամաքային ուժերի նշանառության տիրույթում:

No comments: