Wednesday, September 14, 2011

Բաքվեցիներին վտարել են Նախիջեւանից

News.am. 14-9-2011- Ադրբեջանի Նախիջեւանի ինքնավար հանրապետություն ուղեւորված բաքվեցի լրագրողներին եւ իրավապաշտպաններին վտարել են Նախիջեւանից: Նրանք սեպտեմբերի 12-ին մասնակցել են Լրագրողների ազատության եւ անվտանգության ինստիտուտի աշխատակից Հեքիմելդոսթու Մեհթիեւի դատավարությանը, հաղորդում է ադրբեջանական «Բիզիմյոլ» թերթը:
Թերթի թղթակիցը հայտնել է, որ լրագրողներին թույլ չեն տվել ֆոտո եւ վիդեո նկարահանումներ անել:
Ամենահետաքրքիր իրադարձությունները տեղի են ունեցել Նախիջեւանի օմբուդսմենի հետ հանդիպման ժամանակ:
«Օմբուդսմեն Ուլքյար Բայրամովան հրաժարվել է հանդիպել իրավապաշտպանների եւ լրագրողների հետ, իսկ գրասենյակի աշխատակիցը հայտնել է, որ տիկին Բայրամովային հանդիպելու համար պետք է նախօրոք գրանցվել: Թեեւ իրավապաշտպանները համառորեն հանդիպում են պահանջել, սակայն նա չի զեկուցել նրանց մասին»,-գրում է «Բիզիմյոլ»-ը:
Ավելի ուշ, երբ լրագրողները ցանկացել են Նախիջեւան քաղաքի բակերից մեկում թեյ խմել, նրանց մոտեցել են ոստիկանության աշխատակիցները եւ հայտնել, որ պետը ցանկանում է տեսնել նրանց: Փոխգնդապետ ոստիկանը, ով չի ներկայացել, պահանջել է, որ Բաքվից եկածները լքեն Նախիջեւանը: Այդ պահանջը կապված էր օմբուդսմենի գրասենյակում տեղի ունեցած միջադեպի հետ: Ոստիկանության սպան հայտնել է, որ օմդուդսմենը բողոք-դիմում է հղել ոստիկանությանը, հայտնում է աղբյուրը:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 12-ին Բաքվից Նախիջեւան էին ուղեւորվել թվով 20 լրագրողներ եւ իրավապաշտպաններ, որոնք անհանգստացած էին Նախիջեւանում ստեղծված իրավիճակով: Այցի նպատակն էր ներկա լինել Նախիջեւանում գործունեություն ծավալած իրավապաշտպան Հեքիմելդոսթու Մեհթիեւի դատական գործընթացին եւ ծանոթանալ ինքնավար հանրապետությունում տիրող իրադրությանը:

No comments: