Wednesday, September 7, 2011

Անկարան երեք պայման է առաջադրել հետ հաշտվելու համար

News.am. 7-9-2011- Անկարան ցանկանում է երեք հարց պարզաբանել Իսրայելի հետ հարաբերությունների վատթարացման կապակցությամբ: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր իսպանացի գործընկեր` Խոսե Լուիս Ռոդրիգես Սապատերոյի հետ կայացած հանդիպումից հետո:
«Մենք ասել ենք, որ Իսրայելը պետք է ներողություն խնդրի «Ազատության նավատորմի» ձերբակալման համար փոխհատուցում վճարի եւ վերացնի Գազայի շրջափակումը: Առանց այդ նախապայմանների իրականացման հարաբերությունների կարգավորման վերաբերյալ խոսք գնալ չի կարող»,-ասել է վարչապետը:
Նա հավելել է, որ իր երկրի կողմից քայլեր են ձեռնարկվել ի պատասխան այն բանի, որ Իսրայելը հրաժարվել է իրականացնել Թուրքիայի պահանջները, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ հարաբերությունները կտրուկ սրվել էին «Ազատության նավատորմի» հետ պատահած միջադեպից հետո։ Միջադեպը գրանցվել էր 2010 թվականի մայիսի 31-ին:
Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am-ը, Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, թե Իսրայելում գտնվող Թուրքիայի դիվանագիտական անձնակազմը ամենաուշը մինչեւ սեպտեմբերի 7-ը կվերադառնա հայրենիք:
«Մավի Մարմարա»-ի հետ կապված ՄԱԿ-ի զեկույցը ամերիկյան մամուլի միջոցով հայտնի դառնալուց հետո Դավութօղլուն խիստ է արձագանքել՝ շեշտելով, թե զեկույցն ավելի շատ քաղաքական է, քան իրավական, որը Թուրքիան չի ընդունելու։
Դավութօղլուն շեշտել էր, թե մինչեւ սեպտեմբերի 7-ը Իսրայելում գտնվող թուրք դիվանագետները, բացի 2-րդ կարգի քարտուղարից, կվերադառնան Թուրքիա։ Նախարարն ընդգծել էր, որ Իսրայելի հետ կնքված միլիոնավոր դոլարների ռազմական ծրագրերն առկախվելու են:

No comments: