Wednesday, September 7, 2011

Ինչ արժե եկեղեցու լռությունը

«Լրագիր» 7-9-2011- Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման օրոք Հայ Առաքելական եկեղեցու սերտաճումը պետությանը բավական լայն ծավալներ է ստացել: Եկեղեցին բավական արտոնություններ է ստացել, թե նյութական, թե օրենսդրական առումով: Օրինակ, եկեղեցուն հատկացվում են տարածքներ, հարկերից ազատվում են եկեղեցուն նվիրաբերվող շինությունները, եկեղեցին որեւէ ֆինանսական պարտավորություններից ազատվում է փաստացի: Ներկայում էլ քննարկվում է Կրոնական կազմակերպությունների մասին օրենքը, որը կառավարությունը մի քանի անգամ ուղարկել է Վենետիկի հանձնաժողով, սակայն ամեն անգամ հետ է վերադարձվել բացասական գնահատականներով:
Փորձագետները նշում են, որ թեեւ բացասական գնահատականներին, այնուամենայնիվ, վարչապետն ամեն անգամ փորձում է օրենքի այդ նախագիծն այնպես «ֆռռացնել», որ դրանում Առաքելական եկեղեցուն տրվող արտոնությունները պահպանվեն, սակայն Վենետիկում փորձված մասնագետներ են նստած:
Կարող է հարց առաջանալ, թե ինչու է նորագույն մտածողությունից անընդհատ խոսող վարչապետը, եւ ներկայիս բարձրագույն իշխանությունն ընդհանրապես, այս հարցում ցուցաբերում միջնադարյան մոտեցում: Վարչապետը շատ լավ գիտե, որ տեխնոլոգիական եւ հոգեւոր զարգացման են հասել այն երկրներն ու ժողովուրդները, որոնց հաջողվել է առավելագույնս կարգավորել պետության ու եկեղեցու հարաբերությունը դրանց տարանջատման միջոցով: Եւ հակառակը, այն երկրներում, որտեղ որեւէ եկեղեցի (եկեղեցի, ոչ թե կրոնը կամ հավատը) մեծ ներկայություն ունի պետական կյանքում, սովորաբար անիմաստ է խոսել որեւէ զարգացման, արդիականության մասին:
Ինչու է վարչապետն ընտրում հենց այս երկրորդ ճանապարհը: Դժվար է ասել, թե՝ եկեղեցու հանդեպ որդիական անսահման սիրուց: Այդ սերը նա կարող է եւ պարտավոր է արտահայտել այլ կերպ, առանձնանալով երկրային հոգսերից: Մանավանդ, եթե նա շատ է սիրում Առաքելական եկեղեցին, ապա պետք է որ իր համար հստակ լինի, որ նրան ներքաշելով պետության մեջ, վարկաբեկում է այն: Երկրորդ, հասարակության այն մասը, որն ըստ վարչապետի ակտիվ է, կրթված եւ պետք է նոր Հայաստանի կառուցողը լինի, ամենեւին էլ ոգեւորված չէ եկեղեցու ու պետության սերտաճմամբ, մանավանդ որ եկեղեցու վերնախավն այսօր որեւէ կերպ չի տարբերվում օլիգարխիայից, որի դեմ իբր պայքարում է վարչապետը:
Սակայն, այս մեղավոր հողում վարչապետի պարտականությունն ի պաշտոնե հենց երկրային գործերն են, որոնցից վարչապետն առայժմ այդքան էլ հաջող գլուխ չի հանում: Մյուս կողմից, թերեւս լավ ուսումնասիրելով Հայ Առաքելական եկեղեցու պատմությունը, նա որոշել է օգտվել դրանից: Այդ պատմության առանցքային պահն այն է, որ Առաքելական եկեղեցին պարբերաբար գործարքների է գնացել Հայաստանը նվաճողների, օրինակ՝ արաբների, մոնղոլների, Իրանի հետ: Այդ գործարքների իմաստը հետեւյալն է եղել՝ եկեղեցին ճանաչում է օտար տիրակալների իշխանությունը, փոխարենը երկրում ստանալով իշխանություն: Այս իմաստով, Առաքելական եկեղեցու ոսկեդարը մոնղոլական դարաշրջանն էր, երբ Առաքելական եկեղեցին, որ մինչեւ այդ գրեթե հետեւորդներ չուներ Հայաստանում, այդպիսով ամրագրեց իր «պատմական առանձնահատուկ» դերը հայ ժողովրդի կյանքում: Զուր չէ, որ այդ դարաշրջանում կառուցված Առաքելական շատ եկեղեցիներում Հիսուսը պատկերված է մոնղոլական դիմագծերով:
Եւ ահա, ներկայիս իշխանությունը, իր ձախողումների համատեքստում, հիշել է եկեղեցու այդ «առանձնահատուկ» դերը: Եկեղեցին պարտավոր է լռել երկրում կատարվող հոգեւոր, բարոյական ու ֆիզիկական ավերների մասին, փոխարենը պետությունը նրան առատորեն կփոխհատուցի: Պատկերացնո՞ւմ եք, եթե հանկարծ օրինակ Գարեգին կաթողիկոսը խոսեր սոցիալական ծանր վիճակից, բանակում ու այլ ասպարեզներում տիրող ավերներից, բռնություններից եւ այլն: Սրա հետեւանքները իշխանությունը լավ է հասկանում:
Հայկ Արամյան

No comments: