Wednesday, September 14, 2011

ԱՄՆ պետքարտուղարություն. Ադրբեջանում դժվար է խոսել դավանանքի ազատության մասին

News.am. 14-9-2011 - Ադրբեջանի Սահմանադրությունը պաշտպանում է դավանանքի ազատությունը, սակայն գործնականում իշխանությունները սահմանափակում են այն: Այդ մասին ասվում է սեպտեմբերի 13-ի ԱՄՆ պետքարտուղարության` Ադրբեջանում դավանանքի ազատության վերաբերյալ զեկույցում:
Զեկույցում նշված է, որ իշխանությունները վերահսկում են եւ ստուգումներ են անցկացնում մի շարք կրոնական կազմակերպություններում:
Գրանցվել են կրոնական իրերի բռնագրավման, ինչպես նաեւ մահմեդական եւ քրիստոնեական խմբավորումների անդամների հետապնդման եւ ձերբակալման դեպքեր:
Փորձագետները արձանագրում են նաեւ այլ բացասական երեւույթներ, ինչպիսիք են ցածր եւ միջին դասարանների աշակերտուհիների համար հիջաբներ կրելու արգելքը, կրոնական գործունեության մասին օրենքների խախտման համար տուգանքների ավելացումը եւ այլն: Երկրում նկատվում է անհանդուրժողական վերաբերմունք «Եհովայի վկաների», ավետարանչականների եւ այս միսիոներական խմբավորումների հանդեպ:
2009 թ. Ադրբեջանում տարբեր պատճառներով փակվել եւ վերացվել են մի քանի մզկիթներ, ասված է զեկույցում: Մասնավորապես, 2009 թ. ապրիլին իշխանությունները փակել են Շահիդլյարի մզկիթը, որը կառուցվել էր Թուրքիայի օժանդակությամբ: Մի շարք դիտորդներ նշել են, որ մզիթի փակումը կարելի է դիտարկել որպես պատասխան Թուրքիային` Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսելու համար: Թուրքիայի դեսպանության տվյալներով, մզկիթը փակվել է վերանորոգման համար: Ներկայումս այն չի գործում:

No comments: