Wednesday, September 21, 2011

ՎԱՐՉԱՊԵՏ ԷՐԴՈՂԱՆԸ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ Է

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում նա զորավիգ կկանգնի Պաղեստինի անկախությանը

«ԱԶԳ», 21-09-2011- Երեկ Թուրքիայի վարչապետ Էրդողանը Նյու Յորքում էր: Նա այնտեղ կմասնակցի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանին: Նրա առաջնահերթ խնդիրը պաղեստինցիների անկախ պետականության ճանաչման նախաձեռնությանը զորավիգ կանգնելն է, որն առայժմ դրսեւորվում է ՄԱԿ-ին Պաղեստինի անդամակցության ձեւով:
Թե ինչպես կանդրադառնա ՄԱԿ-ին Պաղեստինի անդամակցությանը Էրդողանի աջակցությունը, ցույց կտա ժամանակը: Բայց որ ԱՄՆ-ն, համարելով անդամակցությունը կործանարար պաղեստինցիների եւ արաբա-իսրայելական հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների համար, արդեն հայտարարել է ՄԱԿ-ին անդամակցելու պաղեստինցիների դիմումը վետոյի ենթարկելու մասին, որին միացել է նաեւ Եվրոմիությունը, ակնհայտ է:
Մինչդեռ, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նախորդ նստաշրջանում նախագահ Օբաման ամբիոնից ի լուր աշխարհի հայտարարել է. «Հաջորդ տարի այստեղ ներկաների մեջ կտեսնեք նաեւ Պաղեստինի պետությանը»: Նյու Յորք ուղեւորվելուց առաջ Անկարայի օդանավակայանում վարչապետ Էրդողանը լրագրողներին հիշեցնելով այդ մասին, ասաց. «Անցյալ տարի Օբաման Պաղեստինին ՄԱԿ-ում տեսնելու մասին էր արտահայտվում, ես անձամբ դժվարանում եմ հասկանալ նրա ներկա դիրքորոշումը: Եթե նրանք, ովքեր խոսք են տվել ՄԱԿ-ի ամբիոնից եւ իրենց խոսքի տերը լինեն, ապա արդյունքը ապահովված կլինիՙ ինչն էլ լրջորեն անհանգստացնում է Իսրայելին, հետեւաբարՙ ԱՄՆ-ին: Սակայն ես այդ հարցում լավատես եմ, նախագահ Օբամային եմ ներկայացնելու նրա ելույթի սղագրությունը»:
Բացի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում ելույթից, վարչապետ Էրդողանը նստաշրջանի ընթացքում երկկողմ հանդիպումներ կունենա ավելի քան 30 երկրների ղեկավարների, այդ թվումՙ նախագահ Օբամայի հետ, որը նախապես, ըստ թուրքական լրատվամիջոցների, ծրագրված է շուրջ 2 ժամ:
Օբամա-Էրդողան հանդիպմանը կքննարկվեն ՄԱԿ-ին Պաղեստինի անդամակցությանը, թուրք¬իսրայելական տարաձայնություններին, Մալաթիայում տեղակայվող հակահրթիռային համակարգին, Սիրիայում տիրող իրավիճակին, PKK-ի ահաբեկչության դեմ համատեղ պայքարին առնչվող խնդիրներ: Ի դեպ, հիշելով այդ մասին, թուրքական հանրային հեռուստատեսությունը տեղեկացրեց, որ Էրդողանի հետ հանդիպումից հետո նախագահ Օբաման կընդունի Իսրայելի վարչապետ Նաթանյահուին:
Հ. ՉԱՔՐՅԱՆ

No comments: