Saturday, September 3, 2011

Իսրայելցի զինվորական. Իրանի միջուկային ծրագրերը ռազմական հարձակման ճանապարհով անհնար է կասեցնել

Panorama.am. 2-9-2011- «Իրանը Սիրիա կամ Իրաք չէ, որպեսզի ռազմական հարձակման ճանապարհով հնարավոր լինի կասեցնել միջուկային ծրագիրը: Իսրայելի ղեկավարությունը կարծում է, որ «մեկ հարվածով» կոչնչացնի Իրանի միջուկային հաստատությունները, սակայն դա անհնար է»:
Այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ` օտարեկրյա լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը:
Իսրայելցի զինվորականը նշել է, որ Իրանի միջուկային ծրագիրը կասեցնելու միակ ճանապարհը Իրանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ կիրառելն է:
Հիշեցնենք, որ Իսրայելի ծովային ուժերի նախկին հրամանատար, բրիգադի գեներալ Աբրահամ Բութսերը վերջերս իսրայելական «Haaretz» օրաթերթին տված հարցազրույցում նշել էր, որ Իսրայելը չունի այն կարողությունը, որպեսզի հարձակվի Իրանի վրա և կասեցնի վերջինիս միջուկային ծրագրերի իրականացման գործընթացը:
Իսկ վերջերս «Մոսադ»-ի նախկին ղեկավար Մեիր Դագանը մամլո ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Իսրայելի կողմից Իրանի վրա հնարավոր հարձակման թեմային, հայտարարել էր. «Իսրայելը Իրանի միջուկային հաստատությունների վրա հարձակման հետևանքով տարածաշրջանում առաջացած բախումներին չի կարող դիմակայել: Իսրայելը ընդունակ չէ կասեցնել Իրանի միջուկային ծրագիրը, այլ միայն կարող է այն դանդաղեցնել: Իրանի միջուկային հաստատությունների վրա Իսրայելի հնարավոր ռազմական հարձակումը ամենահիմար բանն է, որ մինչ այդ ես լսել եմ»:
Ի պատասխան Իսրայելի կողմից հնչող սպառնալիքներին, վերջերս Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) օդային ուժերի հրամանատար, գեներալ Ալի Հաջիզադեն հայտարարեց, որ ԻՀՊԿ օդային ուժերն համալրված են 2000 կմ հեռահարությամբ հրթիռներով, դրանից ավելի հեռահարության կարիք Իրանը չունի, քանի որ Իսրայելի հեռավորությունն Իրանից ընդամենը 1200 կմ է, և վերջինիս կարող են հարվածել նույնիսկ Իրանի կենտրոնական Սեմնան նահանգից»:

No comments: