Saturday, September 3, 2011

ԱԶԱՏ ԱՆԿԱԽ ԱՐՑԱԽ

ԼՂՀ-ն տոնում է անկախության 20-ամյակը

«ԱԶԳ», 03-09-2011- 20 տարի առաջ Արցախը ժամանակակից պատմության մեջ մտավ անկախ եւ ինքնիշխան պետություն: Սեպտեմբերի 2-ին Ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային խորհրդի, Շահումյանի շրջանային խորհրդի նստաշրջանում ընդունվեց ԼՂՀ հռչակման եւ նրա պետական իշխանության ու կառավարման ժամանակավոր մարմինների ձեւավորման հռչակագիրը: Պատմական ճշմարտությունը մի քանի տասնամյակ անց վերականգնելու արցախցիների ու ողջ հայության պահանջին դեմ էր Ադրբեջանը: Արցախահայության` ազատ ու անկախ ապրելու ցանկությանը նա պատասխանել եւ պատասխանում էր կոտորածովՙ Բաքվում, Սումգայիթում, Կիրովաբադում, Շահումյանում եւ Մարաղայում բնաջնջելով տեղի հայությանը: Դրան հաջորդեց պարտադրված պատերազմը Ադրբեջանի կողմից եւ Արցախն իր անկախությունը վերագտավ արյան ու հազարավոր կյանքերի գնով:
«Եթե նախկինում Արցախը հայության ցավն էր, ապա այսօր հայության հպարտությունն է: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կայացած պետություն է իր բոլոր կառույցներով: Նույնիսկ պատերազմի սպառնալիքի պայմաններում նա անհամեմատ ավելի ժողովրդավարական է, քան նրանք, ովքեր ժողովրդավարության ու ազգային հանդուրժողականության մասին խոսում են հայության դեմ հերթական պատերազմի սպառնալիքներ հնչեցնելուց ազատ ժամանակ: Մենք ամեն ինչ անելու ենք ոչ միայն Արցախի խաղաղության, անվտանգության ամրապնդման, այլեւ սոցիալ-տնտեսական ու մշակույթի զարգացման համար: Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման գործընթացը շարունակվում է: Մենք, ի տարբերություն ոմանց, ճշմարտությունը չենք թաքցնում մեր ժողովրդից եւ ցանկալին չենք ներկայացնում իրականության փոխարեն: Մեր դիրքորոշումը հստակ է. Լեռնային Ղարաբաղը չի կարող հետագայում ունենալ ավելի ցածր կարգավիճակ, քան այսօր ունի», շնորհավորելով արցախահայությանը պետության կարեւորագույն տոնի առթիվՙ ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` հավելելով, որ այն ինչ հնարավոր եղավ 1923թ, անհնար է 21-րդ դարում, մանավանդ որ հայությունը չափազանց մեծ գին է վճարել անկախության եւ ազատության համար:
«Մենք պայքարել են միացյալ Հայաստանի եւ համայն հայության համար: Արցախի անկախության հռչակումը դարեր շարունակ ունենալու է պատմական, բարոյական, իրավական նշանակություն», 20 տարի անց Արցախի անկախության ձեռքբերումն այսպես է գնահատում ԱԺ պատգամավոր, ԼՂՀ ԳԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փորձագետ Լարիսա Ալավերդյանը:

ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանն էլ հիշեցնում է պատմության մեջ ամրագրված խոսքը, որ արցախյան շարժումն այն զանգն էր, որն արագացրեց ԽՍՀՄ-ի քայքայումը:

Լարիսա Ալավերդյանին բարկացնում է, որ Արցախի վերաբերյալ մշակված հայեցակարգ չկա, հայկական հեռուստաընկերություններն էլ Ղարաբաղի քարտեզը պատշաճ կերպով չեն ներկայացնում:
Պատմաբանն էլ կարեւորեց Արցախի մասնակցությունը բանակցություններին: Նրա գնահատմամբՙ Արցախը կայացած պետություն է, մնում այն իրավական տեսանկյունից ամրագրել:
«Հայաստանի գործադիր իշխանությունը պասիվ եւ սխալ է գործում: Սակայն պասիվ է նաեւ խորհրդարանը», ասում է Ալավերդյանը: Նա հանդես է եկել նախաձեռնությամբ, որ 1991-94թթ. ադրբեջանցիների գործողությունները ճանաչվեն որպես ցեղասպանություն, բայց ոչ մի առաջընթաց չկա այդ առումով, մինչդեռ այդ հարցը պետք է լինի մեծ լրակարգում», ասաց նա` երեույթը անվանելով երեւանյան անսկզբունքայնություն:
Հայաստանի ազգային արխիվի փոխտնօրեն Էդգար Հովհաննիսյանը համոզված է, որ 21-րդ դարում կլինի 5-րդ հռչակագիրը, որը կհռչակի երկու պետությունների միասնությունը:
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանի մեկնաբանությամբՙ Արցախն ավելի ժողովրդավար է, կայացած քան նման հակամարտություն ունեցող կիսաճանաչված այլ հանրապետությունները:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

No comments: