Wednesday, September 28, 2011

Հայաստանում Հնդկաստանի դեսպան. Կալկաթայի մարդասիրական ճեմարանը կամուրջ է երկու մշակույթների միջեւ

Հայաստանում Հնդկաստանի դեսպան Աչալ Կումար Մալհոթրան, սեպտեմբերի 27-ին, առաջին անգամ այցելել է Կալկաթայում (Հնդկաստան) Սուրբ Էջմիածնի հովանու ներքո գործող 190-ամյա Հայոց մարդասիրական ճեմարան:
Մայր աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ ի պատիվ մեծարգո հյուրի, ճեմարանում կազմակերպվել է մշակութային ձեռնարկ:
Ճեմարանի երգչախումբը հնչեցրել է երկու երկրների օրհներգերը, այնուհետեւ կատարել հայ եւ հնդիկ նշանավոր կոմպոզիտորների հայտնի երգեր, իսկ պարախումբն էլ ներկայացրել է հնդկական ժողովրդական պար: Համերգային ծրագրից հետո ցուցադրվել է «Հայերը Հնդկաստանում» տեսանյութը:
Ձեռնարկն ավարտվել է Աչալ Կումար Մալհոթրայի ելույթով, ով իր խոսքում նշել է, որ Հայոց մարդասիրական ճեմարանը շատ կարեւոր մի կառույց է, այն նշանակալից դերակատարություն ունի եւ բոլոր տեսանկյուններից կամուրջ է հանդիսանում երկու մշակույթների միջեւ:
Նա հորդորել է աշակերտներին կրթվել եւ դառնալ միջազգային հանրության քաղաքացիներ` չկորցնելով իրենց հայկական ինքնությունը եւ ամուր կառչել երկու հնագույն քաղաքակրթությունների բարեկամության հենքից:Հանդիպմանը ներկա էին Եկեղեցու վարչության ավագ անդամ տիկին Սյուզան Ռուբենը, Մարդասիրականի ուսոուցիչները, սաները, աշխատակիցները:

No comments: