Friday, September 16, 2011

Քեմալադին Հեյդարովը զբաղեցնելո՞ւ է Ադրբեջանի վարչապետի պաշտոնը

News.am. 16-9-2011- WikiLeaks կայքում Ադրբեջանի հետ կապված ներքաղաքական հրապարակումներում արտակարգ իրավիճակների նախարար Քեմալադին Հեյդարովի անունը հաճախ է շրջանառվում երկրի ազդեցիկ դեմքերի շարքում: Նրա կեղտոտ գործերի, ունեցած կապերի եւ պաշտոնական դիրքի չարաշահումների մասին տեղեկությունները, նրա դեմ լուրջ դիմադրություն են ստեղծում Ադրբեջանի ներսում:
«Սակայն ինչո՞ւ է WikiLeaks-ը հզոր Հեյդարովին ներկայացնում խիստ բացասական երանգների ներքո»,-հարց է բարձրացնում ադրբեջանական «Մուսավաթ» թերթը: Օրինակ, Ադրբեջանում ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելության ղեկավար Դոնալդ Լուն 2007 թ. հուլիսի` «Ով ինչ ունի» վերտառությամբ հեռագրում Քեմալադին Հեյդարովին ներկայացնում է որպես երկրորդ ամենահարուստ եւ ազդեցիկ անձը` նախագահից հետո:
«Նա փաստացի երկրի երկրորդ դեմքն է համարվում: Քաղաքական առումով նա ավելի ազդեցիկ է, քան թույլ է տալիս իր պաշտոնը: Հեյդարովը համարվում է նախագահի մերձավորներից մեկը: Որոշ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ նա կարող է ավելի մեծ իշխանություն ձեռք բերել: Նրա անունը հաճախ է շրջանառվում վարչապետի հավանական թեկնածուների ցուցակում»,-նշված է հեռագրում:
Իր հերթին «Մուսավաթ»-ը գրում է, որ այդ ամենը ճիշտ է, Հեյդարովը 10 տարվա ընթացքում ֆինանսական հզոր լծակներ է ձեռք բերել, նրա վերահսկողության տակ նույնիսկ զինված ուժեր կան, սակայն որքանո՞վ է հավանական, որ նրա կարգավիճակը էլ ավելի բարձրանա կամ պաշտոնականացվի:
Ներքաղաքական աղբյուրները վկայակոչելով` ադրբեջանական թերթը նշում է, որ ամերիկյան ուժերը հովանավորում եւ աջակցում են երկրի ներսում առկա հակահեյդարովյան ուժերին եւ ջանում թույլ չտալ, որ նա զբաղեցնի վարչապետի պաշտոնը: Այդ նպատակով էլ WikiLeaks-յան հրապարակումների միջոցով նրան հաղորդվում է Ադրբեջանի «ամենակաշառակեր պաշտոնյա»-ի կերպարը:
Նշենք, որ վարչապետի հավանական թենածուների մեջ են մտնում նաեւ Նավթային պետական ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլաեւը, նախագահի անձնական պահպանության ծառայության պետ Բեյլեր Էյուբովը եւ Նախիջեւանի ինքնավար հանրապետության գերագույն խորհրդի նախագահ Վասիֆ Թալիբովը:
«Սակայն մի նրբություն կա. նախագահին ամենամոտ կանգնած պաշտոնյան Քեմալադին Հեյդարովն է: Պատահական չէ, որ վերջերս Իլհամ Ալիեւը նունիսկ մասնակցել է նրա որդու հարսանիքին, իսկ դա մեծ պատիվ է եւ յուրահատուկ վերաբերմունքի դրսեւորում նախագահի կողմից: Միաժամանակ կան WikiLeaks-յան հրապարակումները, որոնք անուղակիորեն զգուշացնում են, որ Իլհամ Ալիեւի տապալումից հետո երկրորդը Հեյդարովն է լինելու»,-եզրափակում է «Մուսավաթ»-ը:

No comments: