Friday, September 16, 2011

Ադրբեջանում հիջաբներով աշակերտներին թույլ չեն տալու դպրոց մտնել

News.am. 16-9-2011- Նոր ուսումնական տարում կրթական հաստատություններում հիջաբով եկած աշակերտներին թույլ չեն տալու մտնել դպրոց, այդ մասին APA-ին հայտնել է Բաքու քաղաքի կրթական վարչության հասարակության հետ կապերի մասնաճյուղի ղեկավար Զեմինա Ալիգըզըն, հաղորդում է ադրբեջանական «Բիզիմյոլ» թերթը:
Զեմինա Ալիգըզըի խոսքով, այս տարվանից դպրոցական համազգեստները կիրառվելու են բոլոր դասարանների աշակերտների համար: Բացառություն կլինի միայն ուսումնական տարվա առաջին օրը` հոկտեմբերի 1-ը, դրանից հետո ներում չի լինելու: «Դպրոցական համազգեստից բացի, այլ համազգեստներով աշակերտներին դպրոց չենք թողնելու»,-ասել է նա:
Հիջաբների կապակցությամբ Զեմինա Ալիգըզըն հավելել է, որ այդ հարցը այլեւս փակված է. «Մենք չենք ցանկանում այդ թեման կրկին օրակարգ բերել, որովհետեւ մեր դիրքորոշումը չենք փոխելու: Մենք խնդրում եւ պահանջում ենք, որ աշակերտները դպրոց ներկայանան բացառապես դպրոցական համազգեստով»:
Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղարության` Ադրբեջանում դավանանքի ազատության վերաբերյալ սեպտեմբերի 13-ի զեկույցում նշված էր, որ չնայած Ադրբեջանի Սահմանադրությունը պաշտպանում է դավանանքի ազատությունը, սակայն գործնականում իշխանությունները սահմանափակում են այն: Սահմանափակումների շարքում արձանագրված էին մի շարք արգելքներ, ինչպես օրինակ` ցածր եւ միջին դասարանների աշակերտուհիների համար հիջաբներ կրելու արգելքը, կրոնական գործունեության մասին օրենքների խախտման համար տուգանքների ավելացումը եւ այլն:

No comments: