Tuesday, September 13, 2011

Ա. Զաքարյան. Միայն հասարակության անկեղծ մտահոգությունները կարող են օգտակար լինել մեր բանակին

Panorama.am. 13-9-2011- «Հայոց բանակի ստեղծումն ու պատմությունն անքակտելիորեն կապված են հայոց քսանամյա երրորդ պետականության ստեղծման պատմական իրողության հետ, քանզի հասարակություն, պետություն և բանակ հասկացությունները միմյանց պայմանավորող են, և անկարելի է, պատկերացնել մեկն առանց մյուսի: Հայոց բանակը, ինչպեսև հայոց պետականությունը, իր կայացման ճանապարհին անցել է բազմաթիվ դժվարին ու առանցքային փուլեր»,- անդրադառնալով այն հարցին, թե՝ «բանակում վերջին ժամանակներս տեղի ունեցող միջադեպերը հասարակությանը կարծես թե երկու մասի են բաժանել. մի մասն ասում է, թե բանակը մեր անվտանգության երաշխավորն է և նրա մասին պետք է միայն լավը խոսել, իսկ մի մասը նշում է, որ միայն առկա խնդիրների վեր հանումը կբերի դրանց արդյունավետ լուծմանը: Ո՞րն է այս հարցում ձեր մոտեցումը», Panorama.am-ին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ Արտակ Զաքարյանը:
Նա հիշեցրեց, որ ամենածանր ու դժվարին ժամանակահատվածում, երբ Հայոց բանակը որպես հայ քաղաքական նորելուկ միտք, բազմաթիվ հայորդիներից կազմավորված կամավորական ջոկատների հայրենասիրական մղումով, մեծագույն ջանքերով լուծեց պատմական այդ ժամանակաշրջանում իր առջև դրված գերագույն խնդիրները, որովհետև հայ հասարակության մտածողության մեջ հասունացել էր այն գիտակցումը, թե միայն սեփական զինված ուժերը կարող են լինել ժողովրդի ու հասարակության անվտանգության երաշխիքը:
«Այսօր այդ գիտակցումն ավելի խորն է արմատավորված, ինչն ավելի զգոն է դարձնում յուրաքանչյուր հայի: Ես համաձայն եմ բոլոր նրանց հետ, ովքեր գտնում են, որ բանակի մասին միայն լավը պետք է խոսել, և լիովին իրավացի են նրանք, քանի որ մեր բանակն արժանի է միայն խրախուսանքի ու դրվատանքի: Այն յուրաքանչյուրիս հպարտությունն է և այդ հպարտությունից ոչինչ չպետք է պակասի: Ես հասկանում և ընդունում եմ նաև այն մարդկանց տեսակետները, ովքեր սրտանց են մտահոգվում բանակային պրոբլեմներով ու երբեմն տեղի ունեցող դժբախտ իրողություններով»,- ասաց պատգամավորը:
Նրա համոզմամբ, հասարակության անկեղծ և արդարացի մտահոգություններն ու լայն աջակցությունը, կարող են օգտակար լինել մեր բանակին` իրենում առկա բացթողումներն ու թերացումները շտկելու համար:
«Սակայն, ցավոք, բանակային իրադարձություններն ու խնդիրները հաճախ նաև աղավաղվում և շահարկվում են որոշ խմբերի կամ անձանց կողմից, ինչն անթույլատրելի և դատապարտելի վարքագիծ է: Այդ տեսակ «մտահոգվողները» կամ որ նույն է չարախնդացողները հայրենիք, պատիվ և արժանապատվություն չունեցող մարդիկ են»,- հավելեց նա:

No comments: