Tuesday, September 13, 2011

Դրվագ ազգային բարոյականությունից

«Լրագիր» 12-9-2011- Օրերս ողբերգական դեպք տեղի ունեցավ Արարատի մարզում, որին ծանոթ են շատ շատերը: 34-ամյա կինը խեղդամահ էր արել իր երկու փոքրիկ երեխաներին: Ասում են նույնիսկ, որ դեպքի վայրում, մեր շատ բան տեսած ոստիկանները նույնիսկ չեն կարողացել արցունքները զսպել, տեսնելով փոքրիկների դիակները:
Կատարվածից անմիջապես հետո, ինչ որ մարդիկ սկսեցին համացանցում տեղեկություններ տարածել, թե մայրը Եհովայի վկա է եղել ու այդ հողի վրա շեղված էլ սպանել է որդիներին: Այդ տեղեկությունն արագորեն հասարակական տարածում ստացավ եւ վերածվեց հանրահայտ “ճշմարտության”:
Ողբերգությունը կատարեց իր դերը` մի խումբ մարդկանց օգնեց հերթական ծանր եւ մահացու հարվածը հասցնել “աղանդավորությանը”: Միայն թե բանն այն է, որ այդ “ծանր” ու “մահացու” հարվածներից ոչ թե աղանդավորությունն է Հայաստանում վերանում, այլ վերանում է բարոյականությունը:
Ինչպես կարելի է մոր եւ երկու փոքրիկների ողբերգությունը անմիջապես ծառայեցնել աղանդներին հարվածելու համար: Պայքարեք աղանդների դեմ, դա ձեր իրավունքն է, բայց մի փորձեք այդ պայքարի գործիք դարձնել մարդկային ողբերգությունները, որոնք ոչ թե աղանդի հետեւանք են, այլ հոգեկան շեղման եւ հասարակական անտարբերության:
Ասում են, որ երեխաներին սպանած մայրը վերջին շրջանում իրեն բավական տարօրինակ է պահել, աչքի է ընկել տարօրինակ պահվածքով: Ու նրա հարեւաններից որեւէ մեկը չի փորձել զանգահարել մի որեւէ տեղ ու զգուշացնել, որ տարօրինակ մոր խնամքի տակ երկու անչափահաս երեխա կա ու այդ երեխաները կարող են օգնության կարիք ունենալ ընդհանրապես:
Ամիսներ առաջ տեղի ունեցավ եւս մի ցնցող դեպք, եւ որդին ու սկեսուրը պարբերաբար ծեծել էին հարսին, ու մի օր էլ ծեծի հետեւանքով հարսը մահացել էր: Խոսքը Զարուհի Պետրոսյանի մասին է /այն չէ, որ մամուլի ակումբներից պարբերաբար հիդրոօթերեւութաբանական տեղեկություններ է հայտնում հանրությանը/, ում մահվան գործով դատավարությունը դեռ ընթանում է:
Պարզվեց հետո, որ նրա անտանելի վիճակի, պարբերական ծեծերի մասին տեղյակ են եղել ծանոթներ, հարազատներ, հարեւաններ: Բայց որեւէ մեկի մտքով չի անցել տեր կանգնել հալածանքների ենթարկվող աղջկան, փորձել օգնել նրան, ահազանգել: Հետեւանքը եղավ նրա մահը:
Երբ որեւէ հայ մեկնում է արտասահման ու մի քանի ամիս ապրում, ասենք հատկապես Ամերիկա, առաջին իսկ ինֆորմացիան որ փորձառու էմիգրանտի դեմքի արտահայտությամբ, ձայնի առոգանությամբ եւ ձեռագրի հաստատունությամբ հայտնում է Հայաստան, դա այն է, որ “այստեղ մարդկություն չկա, հարեւանություն չկա, սառնություն է”:
Դե իհարկե, տխուր է, երբ աշխատանքի տեղը ժամանակ սպանելուց ձանձրացած գալիս ես ու ասենք բլոտի կամ նարդու ընկեր չկա, եւ ստիպված ես ընտանիքով զբաղվել: Ուղղակի անտանելի է, եւ մարդ կարող է նույնիսկ ինքնասպանության հասնել: Ընտանիքը հո աշխատանքից հետո զբաղվելու, ժամանակ տրամադրելու, կնոջն ու երեխային ուշադրություն դարձնելու համար չէ: Ընտանիքը գալոչկայի համար է, որ դրվի կյանքի որեւէ էտապում, եւ սկսվի հերթական սերնդի խեղումն ու մուտացիան:
Կամ, տխուր է, երբ առավոտյան արթնանում ես եւ ոչ փողոց կա ավլելու, ոչ էլ հարեւան կա, որ սուրճ խմեք ու բամբասեք էն մյուս հարեւանից, մինչեւ որ էն մյուս հարեւանը սուրճ կդնի ու կսկսի էն մի հարեւանի հետ ձեզանից բամբասել: Կամ կարող ես առավոտյան մի հարեւանի հետ սուրճ խմել ու բամբասել մյուսից, հետո կեսօրին նրա հետ սուրճ խմել ու բամբասել առավոտյան հարեւանից: Երբ այդ ամենը չկա, սառնություն է, անտարբերություն, “ապրելու տեղ չէ”:
Ու այդ համատեքստում, նաեւ նույն իմաստնությամբ բողոքում են, թե ասենք “Ամերիկան երկիր չի, որովհետեւ չես կարողանում երեխուդ դաստիարակել ու մի հատ որ խփես, հարեւանը ոստիկանություն կկանչի”: Իսկապես զզվելի երկիր է, մարդ չի կարողանում իր երեխային կամ հարսին մի հավեսով ծեծել: Դե, իսկ ծեծը դա հայապահպանության կարեւոր գրավականներից մեկն է, որովհետեւ մի ամբողջ ազգ սերնդե-սերունդ դաստիարակվում է հայրական կամ մայրական ծեծի վրա, եւ ռաբիսի արշալույսին նույնիսկ մի երգ կար, որ պարբերաբար հնչում էր հայերի մջոցառումներում` “… ով մայրական ծեծից չի լացել, նա որբ է մեծացել”: Ով ծեծից չի լացել, նա հայ չի մեծացել:
Մինչդեռ այդ նույն “չապրելու” տեղերում, հարեւանի տանը բռնություն արձանագրելու դեպքում մարդն անմիջապես զանգահարում է ոստիկանություն կամ սոցիալական ծառայություններ, փորձելով տեղյակ պահել, որ կողքին բռնություն կա եւ պետք է կանխել կամ դադարեցնել այն: Դա ամենեւին չի նշանակում, որ Ամերիկայում կամ այլ երկրում այդպիսի դեպքեր կամ բռնություններ չեն լինում: Բայց երբ դրան ասենք 300 միլիոնանոց խայտաբղետ Ամերիկայի ու ասենք 3 միլիոնանոց միատարր կամ ավելի ճիշտ մոնոլիտ Հայաստանի դեպքում համադրում ենք իրար, ապա տեսնում ենք, թե պատկերն ինչ վատ է հենց Հայաստանում, որովհետեւ Հայաստանում է անտարբերության գերադրական աստիճան:
Բայց անտարբերության գերադրականությունը քիչ էր, հիմա էլ անբարոյականության գերադրականությունն է ներմուծվում կենցաղային բռնությունների հանդեպ արձագանքների համակարգ. դե արդեն դեպքը տեղի է ունեցել, էլ կարեկցելը իմաստ չունի, պետք է այն օգտագործել արդեն ըստ անհրաժեշտության: Տվյալ պարագայում անհրաժեշտություն է դառնում այն օգտագործել աղանդների դեմ պայքարում, վաղը ասենք քաղաքական անհրաժեշտության համար պետք կլինի օգտագործել, մյուս օրը միգուցե սկսեն բիզնես անել դրա վրա:
ԵՂԻՇԵ ՄԵԾԱՐԵՆՑ

No comments: