Tuesday, September 6, 2011

Մինչեւ ե՞րբ են «հայտնի» հայրերը մաքրելու իրենց որդիների «կեղտերը»` դրանով նրանց դարձնելով սանձարձակ

News.am. 5-9-2011- Հայաստանում բազմաթիվ են դեպքերը, երբ այս կամ այն պաշտոնյայի կամ գործարարի որդին իրեն լպիրշ ու սանձարձակ է պահում, դրանով հարվածի տակ դնելով սեփական հորն ու նրա հետագա աշխատանքը: Ցավոք, նման դեպքերում, «հայտնի» հայրերը ոչ թե փորձում են սանձել իրենց հանցագործություն կատարած կամ լկտի վարքով աչքի ընկած որդիներին, այլ ամեն կերպ փորձում են իրենց «թեւերը փռել» որդիների վրա եւ մաքրել նրանց «կեղտերը», դրանով նրանց դարձնելով էլ ավելի սանձարձակ:
Ներկայացնենք մի դեպք, որը կապված է NEWS.am-ում քաղաքացու ահազանգով սեպտեմբերի 3-ին հրապարակված նյութի հետ։ NEWS.am զանգահարած քաղաքացին մտահոգություն էր հայտնել, որ «ՕՍՏ» խորտկարանում թոնիրի մեջ պոլիէթիլենային տարաներ են նետել, ինչը կարող է թունավոր գազեր արտանետել եւ վնասել պատրաստվող լահմաջոները:
Լրատվական հրապարակման մեջ NEWS.am-ը ներկայացրել է նաեւ «ՕՍՏ» խորտկարանի մեկնաբանությունը։ Մենեջեր Գուրգենը նշել էր, որ հնարավոր է եզակի դեպքեր լինեն, իսկ խորտկարանում, որպես վառելիք օգտագործվում է փայտը։ Հրապարակումից մի քանի ժամ անց խմբագրություն զանգահարեց մի երիտասարդ, խնդրեց նյութը գրող լրագրողուհուն եւ միանգամից սկսեց սպառնալ: Ներկայացնում ենք այդ երկխոսությունն առանց փոփոխության:
- Ուրեմն լսի քեզ ինչ եմ ասում. հենց հիմա այդ նյութը ջնջի ըտեղից, թե չէ կգամ քեզ էլ, մյուսներին էլ, ով կա-չկա ըտեղ, ով այդ նյութերը հավաքել ա, սաղիդ կսպանեմ, հասկըցա՞ր:
- Դուք իրավունք չունեք ինձ սպառնալ, դուք ո՞վ եք, նախ ներկայացեք:
- Լսի քեզի ինչ եմ ասում, աղջիկ ջան, առանց ճիշտն իմանալու ինչեր եք գրում: Կապ չունի ես ով եմ: Հենց հիմա էտի ջնջի, թե չէ կգամ ըտեղ, իսկականից կիմանաս ինչ կանեմ: Քեզ էլ, ձեր ղեկավարին էլ գիտե՞ս ինչ կանեմ: Դու կրակի հետ ես խաղում: Ես կգամ ըտեղ գլուխդ կջարդեմ, կիմանաս ով եմ:
- Բայց դուք ո՞վ եք:
- Քեզ ինչ ես ով եմ: Ես ասում եմ այդ հայտարարությունը ջնջի, թե կգամ քեզ էլ մյուսներին էլ…
- Դուք իրավունք չունեք սպառնալ: Երկրորդ. Մենք ձեր կարծիքն էլ ենք ներկայացրել, Ձեր մենեջերի հետ ենք խոսել:
- Մենեջերը տենց բան չի ասել:
- Մենք ձայնագրություն ունենք:
- Ինչ ձայնագրություն, ինչ բան: Հեսա կգամ քո հարցերը տեղում կլուծեմ:
- Դուք իրավունք չունեք սպառնալ ու վիրավորել:
- Իրավունքներից չխոսաս, Դու իրավունք ունե՞ս տենց բան գրելու: Գրածից ոչ մի բան ճիշտ չի, սաղ սուտ ա: Լսա՞ր քեզ ինչ եմ ասում: (Այստեղ հնչում են սեռական բնույթի հայհոյանքներ, որոնք չենք կարող տպագրել):
Մի քանի րոպե անց զանգահարեց «ՕՍՏ» խորտկարանների ցանցի սեփականատեր Լեւոնը, ով ասաց, որ նախորդ զանգահարողը եղել է «ՕՍՏ»-ի մեկ այլ մենեջեր` Նարեկը, ով պարզվեց, նրա որդին է: Նա սկզբում փորձում էր իմանալ, թե ով է այդ քաղաքացին, որ NEWS.am-ին նման տեղեկություն է հաղորդել: Մերժում ստանալով, նա ասաց, որ դիմելու է դատախազություն, հետո փորձեց ճշտել, թե հնարավո՞ր է նյութը հանվի ու կրկին մերժում ստացավ։ Հեռախոսազրույցի վերջում, գիտակցելով, որ իր որդու սպառնալիքները քրեորեն պատժելի արարքի հանցակազմ է պարունակում, նա հանդիպում խնդրեց:
Հատկանշական է, որ թեեւ հայրը եկել էր ներողություն խնդրելու, սակայն իր հետ չէր բերել օրվա «հերոսին»` որդուն, ով իր պատվից ցածր էր համարել իր արարքների համար պատասխան տալ, մտածելով, որ հայրը ամեն բան կկարգավորի:
Հանդիպման ընթացքում ՕՍՏ-ի սեփականատերը նշեց, որ զանգահարողը փոքր որդին է եղել, որ զգացմունքները տեղի են տվել, որ տաքարունություն է դրսեւորել, որ անչափահաս է։ Ընդունեց, որ որդին սխալ է եղել, եւ ներողություն խնդրեց, որը սակայն մերժվեց, մի պարզ տրամաբանությամբ. Անգամ 16-ամյա պատանին պետք է գիտակցի, որ իր գործողությունները հետեւանք են ունենում, ու պետք է պատրաստ լինի անձնական սխալների համար անձամբ պատասխան տալու:
Այս դեպքի մանրամասները ներկայացնելիս բնավ ցանկություն չունենք ընթերցողին ներկայացնել գործակալության աշխատանքային վիճակը, պարզապես, սա Հայաստանում առաջին դեպքը չէ, երբ որդիների վատ վարքի համար պատասխանը տալիս են «ամենակարող» հայրերը ու իրենց որդիներին դրանով դարձնում հանցագործներ: Հենց նման դեպքերը մարսելու արդյունքում են ծնվում «Տեցի կռուգ»-ում հաշիվներ պարզող երիտասարդները, որոնց թվում է, թե ամեն բան կարող են մարսել` հայրերի օգնությամբ:
Ամենաթողության մեջ մեծացած, ու արդեն երիտասարդ դարձածներն են ամեն օր Երեւանի մարդաշատ կենտրոնական փողոցներում «գոնկա» կազմակերպում, կամ իրենց «լավ զգալով» գիշերային ակումբում կռիվ սարքում, հետո կանչում հայրիկի «ախրանային»՝ «հարցեր լուծելու»։ Զարգացման ձգտող հասարակությունում, որդու արարքին՝ ծնողի համարժեք պատասխանը պետք խիստ պատիժը լինի, բայց մեզ մոտ, ցավոք, հայրերն ասում են «դե էրեխայա, ոչինչ»։
Կոնկրետ այս դեպքում, երիտասարդը վարկաբեկել է «ՕՍՏ» ընկերությանն իր վարքով։ Գերագնահատել է իր լիազորությունները եւ կատարել քրեորեն պատժելի արարք։ Իսկ այս ամենից հետո, հրաժարվել է պատասխանատվության զգացումից, քանի որ հանդիպմանը չէր ներկայացել հոր հետ, որպեսզի պատասխան տա իր արարքի համար, ինչը սովորական վախկոտություն է:
Վերջաբանում կցանկանայինք նշել, որ նման երեւույթները բիզնեսում չեն ներվում, եւ լավ կլիներ, որ գործարարները սեփական ձեռնարկատիրության մեջ ծանոթներին, քավորներին, սանիկներին ու որդիներին «գործի ընդունելուց» առաջ գնահատեն նրանց զսպվածության, ինչպես նաեւ մասնագիտական կարողությունների աստիճանը։ Քանի որ բիզնեսում իշխողը պրագմատիզմն է, եւ շահերի բախման դեպքում մեկ այլ բիզնեսի բացարձակապես կարեւոր չի լինում, իր վարկանիշը վիրավորողի տարիքը կամ հուզականությունը։

No comments: