Sunday, September 11, 2011

Այսօր Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ է

News.am. 11-9-2011- Այսօր՝ սեպտեմբերի 11-ին Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում տեղի է ունենալու 2 –րդ պատարագը Հայոց ցեղասպանությունից 96 տարի անց:

Թուրքիայի կառավարության միջոցներով Աղթամարի Սուրբ Խաչը 2007–ին վերանորոգվել է: Այնուհետ Պոլսո Հայոց պատրիարքարանը դիմել էր Թուրքիայի կառավարությանը՝ Աղթամարի Սուրբ Խաչում տարին մեկ անգամ պատարագ իրականացնելու թույլտվություն ստանալու համար: 2010-ի մարտին Թուրքիայի մշակույթի նախարար Էրթուղրուլ Գյունայը հայտարարեց, թե արդեն կա Սուրբ Խաչում պատարագ իրականացնելու եւ եկեղեցու գմբեթին խաչ տեղադրելու թույլտվությունը: Պատարագի անցկացման օր նշանակվեց սեպտեմբերի երկրորդ կիրակի, որն համընկնում էր Սուրբ Խաչ եկեղեցական տոնի հետ:
Սակայն պատարագից մեկ ամիս առաջ թուրքական իշխանությունները հայտարարեցին, թե տեխնիկական պատճառներով հնարավոր չէ եկեղեցու խաչը տեղադրել մինչեւ պատարագի օրը: Այս ծիծաղելի պատճառաբանության պատճառով աշխարհի հայությունը բոյկոտեց պատարագը: Պատարագը մատուցել է Պոլսո Հայոց պատրիարքարանը: Իսկ հոգեւոր մյուս կենտրոնները՝ Մայր աթոռ սուրբ Էջմիածինը, Երուսաղեմի պատրիարքարանն ու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը հրաժարվել են մասնակցել միջոցառմանը: Պատճառը եկեղեցու գմբեթին խաչ չտեղադրելու հանգամանքն էր: Հարկ է նշել, որ նույն պատճառով կրոնական արարողությանը հրաժարվել են մասնակցել նաեւ հայ քաղաքացիական հասարակության շատ ներկայացուցիչներ, թեեւ նրանց Թուրքիայի վարչապետն անձամբ էր հրավիրել պատարագին: Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հայտարարել էին, որ քանի դեռ եկեղեցու գմբեթին խաչ չի տեղադրվել, եկեղեցին վերականգնված համարել չի կարելի:
Սուրբ Խաչ եկեղեցու խաչը գմբեթին տեղադրվել է պատարագից 10 օր անց՝ սեպտեմբերի 30-ին եւ օծվել Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգեւոր խորհրդի առաջնորդ, վարդապետ Թաթուլ Անուշյանի կողմից։
Այս տարվա պատարագի անցկացման հարցերը տեղում քննարկելու համար օգոստոսին Վանի նահանգապետի հետ էր հանդիպել Պոլսո Հայոց փոխպատրիարք, արք Արամ Աթեշյանը: Նա հայտարարել էր, թե նախորդ տարի խաչ չլինելու համար քիչ հայեր են մասնակցել՝ նշելով, թե արդեն խաչը գմբեթին է եւ այլեւս խնդիր չի կարող լինել:

No comments: