Sunday, September 11, 2011

Հարցազրույց չէ, հրաժարական տվեք

«Լրագիր» 10-9-2011- Հայաստանի գլխավոր ռազմական տեսուչը, Զինված Ուժերի գլխավոր շտաբի պետը հարցազրույցներ են տալիս մամուլին ու հավաստիացնում, թե մտածում են բանակում տիրող իրավիճակի մասին եւ աշխատում են խնդիրները լուծելու ուղղությամբ: Միթե ժամանակն է, որ այդ մարդիկ հարցազրույցներ տան: Ո՞ւմ են պետք նրանց հարցազրույցները: Նրանք ոչ թե հարցազրույց, այլ հրաժարական պետք է տան:
Նրանց հարցազրույցները բանակի իրավիճակ չեն փոխի, իսկ ահա հրաժարականները կարող են փոխել, որովհետեւ նրանց փոխարեն այդ պաշտոններին հնարավոր է նշանակել մարդիկ, ովքեր ավելի հետաքրքրված կլինեն բանակի վիճակով, զինվորի կյանքով, ովքեր կտիրապետեն ժամանակակից ռազմարվեստի եւ ռազմական կառավարման հմտություններին, ովքեր քաջատեղյակ կլինեն ժամանակակից ռազմա-քաղաքական միջավայրին, դրա զարգացման միտումներին, աշխարհաքաղաքական վեկտորներին:
Բանակը չի խառնվում քաղաքականությանը, չի խառնվում արտաքին քաղաքական գործընթացներին, բայց բանակի ղեկավարությունը ժամանակակից աշխարհում պետք է տիրապետի այդ գործընթացներին, պետք է լինի կոմպետենտ, որովհետեւ ժամանակակից բանակների կառավարումը պահանջում է ոչ միայն ռազմական, այլ նաեւ ռազմաքաղաքական, աշխարհաքաղաքական եւ իրավա-քաղաքացիական կոմպետենտություն, առանց որի բանակը հակասության մեջ է մտնում ժամանակի հետ: Չի կարելի բանակ պահել միայն դատարկ կամ պարզունակ պրոպագանդայի եւ պատերազմական առասպելաբանության հիման վրա:
Տիրապետո՞ւմ են արդյոք վերը նշված պաշտոնյաները այդ ամենին: Որպես ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, արդյոք Յուրի Խաչատուրովը համապատասխանո՞ւմ է ժամանակակից ռազմա-քաղաքական, աշխարհաքաղաքական եւ իրավա-քաղաքացիական միտումներին, որոնք ժամանակակից բանակների կառավարման արդիականացման տեսանկյունից վաղուց արդեն անհրաժեշտ բաղադրիչներ են բանակի ղեկավարության ընտրության հարցում, հատկապես այն պետություններում, որոնցում կա խնդիրների այնպիսի համակարգ, որը ենթադրում է, առնվազն ենթադրում է, բանակի մեղմ ասած ոչ տեսական մասնակցություն եւ ներգրավվածություն, թեկուզ որպես լուռ գործոն:
Մինչդեռ, համաշխարհային քաղաքականության սուբյեկտներից որ մեկը նայելով Հայաստանի բանակի գեներալակազմին, կարող է հայկական բանակն ընկալել որպես ռազմաքաղաքական ինքնաբավ գործոն: Տնտեսական գործոն` գուցե, նկատի ունենալով Հայաստանի բանակի գեներալակազմում խոշոր սեփականատերերի առկայությունը:
Թվում է, թե դա գլոբալ ընդհանրացում է, որը ոչ մի կապ չունի բանակում տեղի ունեցող ողբերգական դեպքերի հետ: Իրականում սակայն, բանակում վիճակը, մասնավոր դեպքերի առումով, հանդիսանում է ընդամենը բանակի բարձրագույն հրամկազմի այդ գլոբալ սնանկության հետեւանք, այլապես այդ հրամկազմում վաղուց ի վեր գիտակցած կլինեին մարդկային կյանքի, զինվորի կյանքի արժեքն ու հիմա ոչ թե իրենք հարցազրույց կտային, այլ հայկական բանակում զինծառայողի պաշտպանվածության մակարդակը կխոսեր իրենց փոխարեն:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: