Sunday, September 11, 2011

Ադրբեջանցիները ոչ մի կերպ չեն կարողանում կողմնորոշվել՝ մեկ Իրանն իրենց սպառնում է, մեկ ամենևին չի վախեցնում

PanARMENIAN.Net - 10 սեպտեմբերի 2011 - Իրանի ՌՕՈՒ զորավարժություններն Ադրբեջանի հետ սահմանակից տարածքում ամենևին չեն վախեցնում Բաքվին: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը: «Մեր երկիրն ընթանում է համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի նախանշված ճանապարհով, որն ուղղված է հարևանների հետ խաղաղ գոյակցությանը: Մենք մեր քաղաքականության մեջ ղեկավարվում ենք միայն այդ ուղղությամբ»,-ասել է նա:
Ընդ որում Մամեդովը նշել է, որ վերջերս Իրանի քաղաքական գործիչները, զինվորակններն ու ԶԼՄ-ները իրենց նվիրել են Ադրբեջանի դեմ քարոզչությանը: «Ուստի, մենք ափսոսանքով, երբեմն զարմանքով ենք արտահայտում մեր վերաբերմունքը նման իրադարձությունների վերաբերյալ»,-ասել է Նովրուզ Մամեդովը, հայտնում է 1news.az-ը:
Նշենք, որ վերջերս «Ատլաս» վերլուծական կենտրոնի ղեկավար Էլհան Շահինօղլուն, ելույթ ունենալով Բաքվում կայացած կլոր սեղանի ժամանակ, որը նվիրված էր Իրանում անցնող այսպես կոչված էթնիկ ադրբեջանցիների ցույցերին, հայտարարել է, որ Իրանի պաշտոնյաների գործողությունները սպառնալիք են Ադրբեջանի համար: «Չսահմանափակվելով հակաադրբեջանական քարոզչությամբ՝ Թեհրանը հզորացնում է իր ներկայությունն Ադրբեջանի սահմանների մոտ, չի դադարում թմրանույթերի հոսքը Ադրբեջանի տարածք»,-ասել է Շահինօղլուն:
30 տարվա մեջ առաջին անգամ Իրանը հարձակողական բնույթի զորավարժություններ է անցկացնում, որին մասնակցում են Իրանի տնօրինության տակ եղած բոլոր ինքնաթիռները, ինչպես նաև նորագույն տեխնոլոգիական մշակումներ: Զորավարժությունների ժամանակ փորձարկվել են նաև «օդ-օդ», «օդ-ցամաք» դասի հրթիռներ և ռումբեր:

No comments: