Thursday, September 1, 2011

Հայաստանից աշխատուժի արտահոսքի նոր ուղի է բացվում

Tert.am. 1-9-2011- ՀՀ կառավարության նիստում այսօր հավանություն տրվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև ԱՄԷ տարածքում Հայաստանի աշխատուժի օգտագործման մասին» համաձայնագրի կնքման նպատակահարմարությանը:
Համաձայնագրի կնքումը հիմնավորվում է այն հանգամանքով, որ Արաբական Միացյալ Էմիրություններն ունի խիստ զարգացած տնտեսություն, որը վերջին տարիների ընթացքում շարունակում է զարգանալ բարձր տեմպերով, ինչին նպաստում են երկրի ունեցած հարուստ պաշարները: Երկրի իշխանությունները վարում են տնտեսական, այսպես կոչված, «բաց դռների» քաղաքականություն: ԱՄԷ-ի տնտեսության և սոցիալական կյանքի տարբեր ոլորտների հսկայածավալ ծրագրերն իրականացվում են օտարերկրյա աշխատուժի ներգրավմամբ (Հնդկաստան, Պակիստան, Ֆիլիպիններ, արաբական երկրներ և այլն): ԱՄԷ իշխանությունների ներկայացուցիչները, ինչպես նաև գործատուները շահագրգռված են նաև Հայաստանից մասնագետներ հրավիրելու հարցում:
Փաստաթուղթը մի կողմից իրավական երաշխիքի դեր կկատարի ԱՄԷ-ում գտնվելիք ՀՀ քաղաքացիների համար, մյուս կողմից` հնարավորություն կտա ունենալ տեղեկություններ ԱՄԷ-ում առկա թափուր աշխատատեղերի մասին.
ԱՄԷ-ի գործատուների կողմից առաջարկվում են բավականին գրավիչ պայմաններ, մասնավորապես, ապահովելով բարձր աշխատավարձ, բնակության բավարար պայմաններ, ինչպես նաև ինքնաթիռի տոմսեր:
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի պարզաբանմամբ` գործընթացն ունի նախապատմություն, քննարկումներն սկսվել են դեռևս 8-9 տարի առաջ, և ժամանակին հարցն առաջացավ այն պատճառով, որ Կատարի իշխանությունները ցանկություն հայտնեցին՝ հայ շինարարական կազմակերպությունները մասնակցեն Կատարում ընթացող աշխատանքներում:

No comments: