Saturday, September 10, 2011

Լեռնային Ղարաբաղը Հայաստանի պատմական մաս է կազմում և պետք է լինի անկախ. Ուրուգվայի ԱԳ նախարար

Tert.am. 9-9-2011- Ուրուգվայի արտգործնախարար Լուիս Ալմագրոն այսօր Հարավային Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի և Ուրուգվայ-Հայաստան խորհրդարանական խմբի կողմից նախաձեռնված` Հայաստան-Ուրուգվայ հարաբերություններին նվիրված համաժողովի ընթացքում, խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի մասին, աննախադեպ հայտարարություն է արել: Այս մասին տեղեկանում ենք ՀՅԴ մամուլի գրասենյակից։
«Այսօր մենք ուսումնասիրում են հարցը` պետականորեն տեսակետ հայտնելու համար, սակայն ես անձամբ համոզված եմ, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի պատմական մաս է կազմում և պետք է լինի անկախ կամ կարճ ժամանակում կցվի Հայաստանին: Սա է Արցախյան խնդրի միակ լուծումը»,- ասել է նա:
ԱԺ «ՀՅԴ» խմբակցության ղեկավար Վահան Հովհաննեսյանը, ով համաժողովի ընթացքում ներկայացնում է Հայաստանի խորհրդարանը, այս հայտարարությունն աննախադեպ է որակել: «Առաջին անգամ առաջադեմ ու ժողովրդավար երկիր, ինչպիսին Ուրուգվայն է, պաշտոնապես հայտնում է մի տեսակետ, որը վկայում է իշխող քաղաքական ուժերի դիրքորոշման մասին: Սակայն Ուրուգվայը ժողովրդավար երկիր է, և այս հայտարարությունը դեռևս պետք է քննարկվի, իսկ դա որոշ ժամանակ ու աշխատանք կպահանջի»,- ասաց Վահան Հովհաննեսյանը:

No comments: