Thursday, September 22, 2011

Սթիվ Ջոբսի մասին պատմող առաջին պաշտոնական գրքում հետաքրքիր մանրամասներ կան նրա հայազգի խորթ մոր մասին

Tert.am. 22-9-2011- 2011թ. նոյեմբերին լույս կտեսնի ամերիկացի ինժեներ, ձեռնարկատեր, ամերիկյան Apple Inc կորպորացիայի համահիմնադիր Սթիվ Ջոբսի կենսագրությունը՝ iSteve: The Book of Jobs։ Գրքի հեղինակը ամերիկյան CNN հեռուստաընկերության նախկին գլխավոր տնօրեն և ամերիկյան Time ամսագրի խմբագիր Ուոլթեր Այսաքսոնն է:
Ինչպես գրում է թուրքական Milliyet պարբերականը, գիրքը հետաքրքիր մանրամասներ է բացահայտելու Սթիվ Ջոբսի խորթ մոր մասին, որը, ինչպես ամիսներ առաջ հայտնել էինք, հայ է։
Սթիվ Ջոբսը ծնվել է 1955թ. ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Մաունթին Վյու փոքր քաղաքում։ Նրա կենսաբանական ծնողները Ջոանա Շիբլը և Աբդուլֆաթահ Ջոն Ջանդալին են (գաղթականներ են Սիրիայից)։ Ջոբսին, սակայն, մեկ շաբաթականից մեծացրել և դաստիարակել են ազգությամբ հայ Կլարան (ազգանունը՝ Հակոբյան) և ամերիկացի Փոլ Ջոբսերը։ «Իմ ծնողները նրանք են»,– ասում է Ջոբսը։
Թուրքական պարբերականը ընդգծում է, որ Կլարան ԱՄՆ է գաղթել (1915թ. ցեղասպանությունից հետո) Թուրքիայի Մալաթիա նահանգից։ Ըստ պարբերականի՝ գրքում ընդգծվում է, որ Կլարայի հայրը Լուիս Հակոբյանը, ծնվել է Մալաթիայում 1894թ. իսկ մայրր՝ Վիկտորյա Արթինյանը՝ 1894թ. Իզմիրում։
Նշենք, որ գիրքը լինելու է Ջոբսի առաջին պաշտոնական կենսագրությունը։ Ջոբսը մինչ այժմ իր անձնական կյանքը խիստ գաղտնի է պահել բոլորից։ Նրա կյանքի մասին պատմող գրքեր նախկինում էլ լույս են տեսել, սակայն դրանք ոչ պաշտոնական հրատարակություններ են եղել։ Ջոբսը մշտապես բոլորին խնդրել է «իր անձնական կյանքին չխառնվել»։

No comments: